Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ուրարտուն» համալրեց Հայիթիի ազգային հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն։ Այս ֆուտբոլիստը մեզ քաջ ծանոթ է «Լոռիում» ունեցած ելույթներով ու հեղինակած տպավորիչ գոլերով։ «Ուրարտու» տեղափոխությունը Ջոնելն իր կարիերայում համարում է քայլ դեպի առաջ ու հավաստիացնում է՝ ամեն ինչ անելու է թիմին օգտակար լինելու համար։ Ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել 23-ամյա հարձակվողի հետ․
— Արդեն մի քանի օր մարզվել ես «Ուրարտուի» կազմում, անգամ մեկ հանդիպում անցկացրել, որտեղ քեզնից ընդամենը երեք րոպե պահանջվեց առաջին գոլը հեղինակելու համար։ Ի՞նչ կասես նոր թիմիդ մասին։
— Առաջին բանը, որը միանգամից նկատեցի դա այն է, որ թիմում միասնություն կա։ Տղաները շատ ջերմ ու մտերիմ եմ միմյանց հանդեպ։ Նման իրավիճակը ցանկացած թիմի համար առավելություն է։ Այն ամենն ինչ կատարվում է խաղադաշտից դուրս ուղիղ կապ ունի նրա հետ, ինչը կատարվում է խաղադաշտում։ Այո, ինձնից 3 րոպե պահանջվեց առաջին գոլս «Ուրարտուի» կազմում խփելու համար, բայց մինչ այդ տղաները շատ լավ գրոհ կազմակերպեցին, որն էլ ի ուրախություն մեր թիմի մենք կարողացանք արդյունավետ ավարտել։
— — Թիմի ներուժին արդեն ծանոթ ես, ինչի՞ է ունակ «Ուրարտուն» նոր մրցաշրջանում։
— Մենք լավ թիմ ունենք։ Անկեղծ կլինեմ, ինձ համար անակնկալ էր, թե որ դիրքում ավարտեց նախորդ մրցաշրջանը «Ուրարտուն»։ Բազմիցս խաղացել եմ այս թիմի դեմ ու պետք է ասեմ, որ երբեք հեշտ չի եղել։ Հիմա մենք ունենք լավ թիմ, մնում է ընդամենը մեկ բան՝ քրտնաջան աշխատել, առաջնությունը հնարավորինս լավ մեկնարկել, որպեսզի հետագայում կարողանանք կյանքի կոչել բոլոր այն երազանքները, որոնք ունենք այս մրցաշրջանում։
— Առաջին տուրում հանդիպելու ենք նախկին թիմիդ՝ «Լոռիին»։ Արդյո՞ք այն յուրահատուկ խաղ է լինելու քեզ համար։
— «Լոռիում» խաղալու տարիներին ես շատ մեծ փորձ եմ ձեռք բերել ու պետք է անկեղծորեն ասեմ, որ հեշտ չէր, այդ թիմից հեռանալու որոշում կայացնելը, բայց սա ֆուտբոլ է, ես այժմ «Ուրարտուի» ֆուտբոլիստն եմ։ Ես պարտավոր եմ անել այն ամենն, ինչի համար ինձ հետ պայմանագիր են ստորագրել։
Ինչպե՞ս կամփոփես ելույթներդ «Լոռիում»։
— Շնորհակալ եմ այդ թիմին։ Ես դա ասում եմ, ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից, որովհետև վանաձորյան թիմում խաղալն ինձ հնարավորություն տվեց ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Այսինքն այդ ակումբում անցկացրած տարիները էապես փոխեցին իմ կյանքի ընթացքը։ Բայց միշտ պետք է փոփոխությունների գնալ։ «Ուրարտուն» ինձ համար նոր մարտահրավեր է, իմ մտքում միայն այդ ակումբն է։ Ես պետք է քրտնաջան աշխատեմ, որպեսզի օգնեմ «Ուրարտուին»՝ հասնել առաջադրված խնդիրներին։
— Ի՞նչ նպատակներ ունես նոր մրցաշրջանում։
— Ուզում եմ, որ մեր թիմը բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրի, առաջնությունում չեմպիոն հռչակվենք, հաղթենք գավաթը։ Հենց այս նպատակներն ունեմ։
— Հայիթին քո հայրենիքն է, բայց Հայաստանն էլ քո կյանքում մեծ դեր խաղաց, քանի որ այստեղ ընտանիք ես կազմել։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն էլ քեզ համար հարազատ երկիր է։
— Հայաստանն իմ երկրորդ տունն է։ Այս երկրում ես ինձ լավ եմ զգում։ Անգամ եթե ինչ-որ մի օր ստիպված լինեմ հեռանալ, ուզում եմ, որ բոլորն իմանան, որ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է ու այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը։
— Գիտենք, որ ինչ-որ չափով տիրապետում ես հայերենին, ի՞նչ բառեր գիտես։
— Մի բան հարցրեք, տեսնեմ կարող եմ պատասխանել (ժպտում է)։ Գուցե լավ չստացվի, բայց ամենակարևոր բառերը ես գիտեմ՝ շատ պարապել, լավ խաղալ, առաջ-առաջ-առաջ․․․ Կարծում եմ բավական է (ծիծաղում է)։
Հայաստանի առաջնության մակարդակի մասին ի՞նչ կասես։
— Մրցաշրջան առ մրցաշրջան առաջնության մակարդակը բարձրանում է։ Ես ցանկանում եմ հնարավորինս բարձր մակարդակի առաջնությունում խաղալ, բայց իմ պարագայում լճացում չկա, որովհետև կրկնում տարին տարվա վրա Հայաստանի առաջնությունը դառնում է ավելի մրցունակ։ Այն ամենն ինչ հեշտությամբ կարող էիր անել նախորդ մրցաշրջանում, հաջորդում դառնում է չափազանց բարդ։
— Դու նաև հանդիսանում ես Հայիթիի ազգային հավաքականի անդամ։ Երբ Հայիթիում հարցնում ես հայկական ֆուտբոլի մասին, ի՞նչ ես պատմում։
— Հավաստիացնում եմ, որ պատմելու կարիք չկա։ Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն։ Այնտեղից նայում են առաջնության խաղերը, հետաքրքրվում, ուստի երբ Հայիթիում ինչ-որ զրույց եմ ունենում հայկական ֆուտբոլի մասին, մարդիկ հիմնականում ծանոթ են լինում խոսակցության թեմային։ Շատ հաճախ երկրպագուները դժգոհում են ասելով, որ Հայաստանի առաջնության մակարդակը այն չէ, Ջոնել դու պետք է ավելի լավ առաջնությունում խաղաս։ Նրանք երկրպագուներ են, կարող են ասել այն ամենն ինչ ուզում են, բայց պրոֆեսիոնալ մարդիկ նման բան երբեք չեն ասում, որովհետև քաջ գիտակցում են, որ Հայաստանի առաջնությունն իսկապես լավ մակարդակ ունի։
2020 Armenian Soccer