Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի սեփականատեր Ջևան Չելոյանցը հաճախ չէ, որ ծավալուն հարցազրույցներ է տալիս, բայց այս անգամ նա ակումբի լրատվական ծառայությանը բավականին մեծ հարցազրույց է տվել: Չելոյանցը ոչ միայն ամփոփել է թիմի ելույթները ու խոսել առաջիկա ծրագերի մասին, այլև անդրադարձել է շատ ու շատ թեմաների, որոնք այժմեական են հայկական ֆուտբոլում․
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՎԱԾՆ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱԿՈՒՄԲԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՉԱՇԽԱՏԵԼՆ Է
— Մրցաշրջանն այդքան էլ հաջող չստացվեց «Ուրարտուի» համար, որպես ակումբի սեփականատեր ինչպե՞ս կամփոփեք այն։
— Եթե խոսում ենք սպորտային արդյունքի մասին, ապա մրցաշրջանը մեզ համար ծայրահեղ անհաջող էր, մենք ձախողեցինք այն, դա պետք է ընդունել անկեղծորեն։ Մեզնից բացի դրանում, ոչ ոք մեղավոր չէ։ Ես հիմա չեմ խոսի պատճառների մասին, բայց սպորտային արդյունքի տեսանկյունից առաջին թիմի ելույթները գոհացնող չեն։ Երկրորդ թիմն էլ դեռ այն մակարդակին չէ, որը մենք սպասում ենք։ Ես անդրադարձա ակումբի պրոֆեսիոնալ թիմերին, մանկապատանեկան թիմերի մասին չեմ ցանկանա խոսել, որովհետև բոլոր առաջնությունները դադարեցված են։ Ակումբի գլխավոր ու երկրորդ թիմերի համար մրցաշրջանը գոհացուցիչ չէր։
Ամեն դեպքում ի՞նչը չբավարարեց թիմին ավելի հաջող ելույթներ ունենալու համար։
— Շատ գործոններ կային։ Առաջին հերթին թիմի ամառային նախապատրաստությունը չանցավ այնպես, ինչպես պլանավորել էինք։ Մարզչի փոփոխության անհրաժեշտություն եղավ, դա արեցինք ու հասկանալի է, որ այդ փոփոխությունն էլ անհետք չմնաց։ Շատ այլ պատճառներ էլ կան, որոնք բացասաբար ազդեցին թիմի ելույթների վրա։ Բայց ես ուզում եմ ընդամենը մեկ բան ասել, որ գլխավոր ու երկրորդ թիմերը այս ակումբի ընդամենը երկու թիմերն են։ Այո, նրանք գլխավորն են, այո, նրանց ելույթներով են գնահատում ակումբի աշխատանքը, բայց դրանք ընդամենը երկու թիմեր են։ Ցավոք սրտի այժմ դադարեցված է ակադեմիայի աշխատանքը, դա ես համարում եմ մեծագույն կորուստ, ավելի մեծ քան եթե դադարեցնեին Բարձրագույն խմբի առաջնությունը։ Ես հասկանում եմ այդ դադարի պատճառները, բայց ես վստահ չեմ, որ այն ճիշտ է աշխատում, վստահ չեմ, որ այդ երեխաները հիմա նստած են տանը ու ոչ մեկի հետ չեն շփվում։ Ես կոչ չեմ անում, որ թույլատրեն մանակապատանեկան թիմերին սկսել մարզումները, մասնագետները պետք է վերլուծեն իրավիճակն ու որոշում կայացնեն։ Բայց ինձ համար ակադեմիայի չաշխատելն ամենամեծ հարվածն է։
— Այսինքն այն մտքին ենք, որ պետք է ինչ-որ քայլեր անել, որպեսզի երեխաներն էլ սկսեն մարզումները։
— Այո, ես այդպես եմ մտածում։ Արդեն կես տարի է երեխաները ֆուտբոլ չեն խաղում, նրանցից շատերը հնարավոր է այլևս երբեք չխաղան, դա պետք է հասկանալ։
©2020 Armenian Soccer