Armenian Soccer
Armenian Soccer

Պատմական. «Ալաշկերտը» տեղ ապահովեց եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում

Օգոստոսի 12-ը պատմական օր է հայկական ֆուտբոլի համար:

Այսօր երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով պարտության մատնելով ղազախական «Կայրաթին»՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նվաճեց UEFA-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր՝ ապահովելով տեղն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Ալեքսանդր Գրիգորյանի սաները 43-րդ րոպեին․ մեր թիմի կազմում աչքի ընկավ Ժոզե Էմբալոն, սակայն առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին մրցակիցը հաշիվը հավասարեցրեց: Ընդմիջումից հետո Էմբալոն խփեց «Ալաշկերտի» 2-րդ գնդակը, սակայն մրցակիցը կարճ ժամանակ անց կրկին հավասարեցրեց՝ 2:2: Այդ գոլից ընդամենը 1 րոպե անց «Կայրաթի» դարպասապահը կոպտորեն խախտեց կանոնները Արտակ Գրիգորյանի նկատմամբ ու մրցավար Լոուրենս Վիսսերի կողմից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Թվային առավելություն ստացած «Ալաշկերտն», այնուամենայնիվ, չկարողացավ խաղի հիմնական ժամանակում դա գոլի վերածել: Լրացուցիչ ժամանակ տեղափոխված հանդիպման 1-ին րոպեին ղազախական թիմը մնաց 9 հոգով․  կարմիր քարտով դաշտից այս անգամ հեռացվեց «Կայրաթի» առաջին գոլի հեղինակ Այբոլ Աբիկենը։ Թվային էական առավելություն ստացած «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին առաջ անցավ Ալեքսանդր Գլիշիչի գոլից հետո՝ 3:2:

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆ, որտեղ կխաղա Սթիվեն Ջերրարդի գլխավորած «Ռեյնջերսի» հետ։ Այդ խաղում պարտության դեպքում էլ «Ալաշկերտի» եվրագավաթային կյանքը չի ավարտվի. պարտվողը կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին: Ինչը նշանակում է, որ «Ալաշկերտը» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության առաջին թիմն է, որը կմասնակցի եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի:

Alashkert vs Kairat 3:2

 

©2021 Armenian Soccer