Այսօր UEFA-ն հրապարակել է Եվրոպայում տարվա լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն մարզչի անվանակարգերում հավակնորդների շորթ-լիստը:
Հաղթողների անունները կհրապարակվեն օգոստոսի 26-ին Ստամբուլի Haliç կենտրոնում՝ UEFA-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Լավագույնների ցանկը կազմվել է ժյուրիի քվեարկությամբ, որի կազմում են EURO-2020-ի մասնակից 24 հավաքականների գլխավոր մարզիչները, Չեմպիոնների լիգայի խմբային փուլերի մասնակից 32 ու Եվրոպա լիգայի խմբային փուլերի մասնակից 48 ակումբների մարզիչները, ինչպես նաև European Sports Media (ESM)-ի կողմից ընտրված՝ UEFA-ի բոլոր ասոցիացիաներից 55 լրագրող: Ժյուրիի յուրաքանչյուր անդամ նշել է իր եռյակին: 1-ին տեղի համար սահմանվել է 5 միավորմ 2-րդ տեղի համար՝ 3, 3-րդ տեղի համար՝ 1 միավոր: Մարզիչներն իրավունք չունեն քվեարկել իրենց թիմերի ֆուտբոլիստների համար, ինչպես նաև իրենք իրենց օգտին:
Այդպիսով, ըստ քվեարկության UEFA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին հավակնում են բելգիացի Քևին Դե Բրյույնեն («Մանչեսթր Սիթի»), Ժորժինյոն («Չելսի») և Ն՛Գոլո Կանտեն («Չելսի»): Հավակնորդների եռյակը հրապարակվել է այբբենական կարգի համաձայն:
Քևին Դե Բրյունեն 1 տարի առաջ միայն 2-րդն էր այս ցուցակում ու մրցանակը զիջեց Ռոբերտ Լևանդովսկուն (90 միավորը՝ 477-ի դիմաց): Բելգիացի ֆուտբոլիստը «Սիթիի» հետ նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ ստիպված եղավ 60-րդ րոպեին լքել խաղադաշտը դեմքի վնասվածքի պատճառով:
Մյուս 2 հավակնորդները Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթողի ներկայացուցիչներն են:
Ժորժինյոն 10-րդ ֆուտբոլիստն է, որ նույն տարում հաղթել է թե՛ EURO-ում և թե՛ Չեմպիոնների լիգայում:
Նրա թիմակից Ն՛Գոլո Կանտեն էլ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի թե՛ կիսաեզրափակչում՝ «Ռեալի» դեմ խաղում ու թե՛ եզրափակչում՝ «Մանչեսթր Սիթիի» դեմ:
Հավելենք, որ լավագույնների տասնյակում քվեարկության արդյունքում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները.
4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», «ՊՍԺ»)՝ 148 միավոր
5. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)՝140 միավոր
6. Ջանլուիջի Դոննարումմա («Միլան», «ՊՍԺ»)՝ 49 միավոր
7. Քիլիլան Մբապպե («ՊՍԺ»)`31 միավոր
8. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթր Սիթի»)՝ 18 միավոր
9. Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»)՝ 16 միավոր
10. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա», Դորտմունդ)՝ 15 միավոր
Հետաքրքիր է, որ մրցանակի գոյության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ եռյակում տեղ են գտել բացառապես կիսապաշտպանները: Բացի այդ, հատկանշական է, որ եռյակում չեն նաև Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն:
Ինչ վերաբերում է մարզիչների շորթ-լիստին, ապա դրանում տեղ են գտել Խոսեպ Գվարդիոլան (Իսպանիա, «Մանչեսթր Սիթի»), Ռոբերտո Մանչինին (Իտալիա, Իտալիայի հավաքական), Թոմաս Տուխելը (Գերմանիա, «Չելսի»):
Լավագույնների տասնյակում քվեարկության արդյունքում տեղ են գտել նաև հետևյալ մարզիչները.
4. Ունաի Էմերի («Վիլյառեալ»)՝ 64 միավոր
5. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)՝ 29 միավոր
6. Անտոնիո Կոնտե («Ինտեր», այժմ՝ առանց թիմի)՝ 19 միավոր
7. Գարեթ Սաութգեյթ (Անգլիայի հավաքական)`18 միավոր
8. Քրիստոֆ Գալտյե («Լիլլ», «Նիցցա»)՝ 16 միավոր
9. Օլե-Գուննար Սուլշեր («Մանչեսթր Յունայթեդ»)՝ 14 միավոր
10. Կասպեր Յուլման (Դանիայի հավաքական)՝ 11 միավոր
©2021 Armenian Soccer