VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղային վերջին օրը կայացավ 2 հանդիպում:
Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Սևանն» ընդունեց առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին: Տանտերերը 12-րդ րոպեին Անդրե Մենսալաոյի, ապա՝ 67-րդ րոպեին 11-մետրանոցից Մարինի Ջունիորի խփած գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեցին՝ ԲԿՄԱ-ին հերթական պարտության ենթարկելով:
6 տուրից հետո «Սևանը» 4 հաղթանակով, 1 ոչճոքիով ու 1 պարտությամբ 3-րդն է մրցաշարային աղյուսակում, ԲԿՄԱ-ն առ այս պահը միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Խաղային օրվա մյուս խաղում «Ուրարտու» մարզադաշտում նույն հաշվով տանտերերը պարտություն կրեցին. Երևանի «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «ՈՒրարտուի» դարպասը: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Էրիկ Վարդանյանը՝ հյուրերին ընդմիջման ուղարկելով հաղթողի կարգավիճակով, իսկ երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին, Ֆիրմինոն կրկնապատկեց հաշիվը:
6 տուրից հետո «Փյունիկը» 10 միավորով 4-րդն է, իսկ «Ուրարտուն»9 միավորով՝ 5-րդը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: Մինչ այդ առաջնության թիմերից 6-ը կմասնակցեն Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչին:
©2021 Armenian Soccer