Վանաձորի «Լոռիի» հետ հանդիպումը(2:0) հոբելյանական 100-րդն էր Հակոբ Հակոբյանի համար Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ Հաշվետու խաղը իրադարձություններով լի ստացվեց։ Թիմը հաղթեց, իսկ խաղավերջում Հակոբյանը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Խաղից հետո մենք զրուցել ենք Հակոբյանի հետ․
— Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, տպավորություններն ինչպիսի՞նն են։
— Շնորհակալություն, ամեն ինչ շատ լավ է։ Հանգամանորեն պատրաստվել ու տրամադրվել էինք այս խաղին։ Փառք Աստծո կարողացանք հաղթել։ Մենք արժանի էինք հաղթանակի, էլի պահեր ունեինք, կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով, ուղղակի խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացա, այդ կապակցությամբ տրամադրությունս մի փոքր ընկավ (ժպտում է)։ Կարծում եմ, որ կարմիր քարտի խախտում չէր։
— Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրիր 100-րդ հանդիպումդ, օրը բավականին հագեցած էր, այն ստացված համարո՞ւմ ես։
— Իսկապես հագեցած օր ստացվեց թե՛ լավ, թե՛ վատ տեսանկյունից։ Կարմիր քարտ ստացա, բայց երջանիկ եմ, որ իմ 100-րդ խաղում հաղթեցինք։ Շատ ուրախ եմ, որ «Ուրարտուի» կազմում 100 հանդիպում եմ անցկացրել։ Ուզում եմ հնարավորինս շատ խաղալ այս ակումբում և հնարավորինս շատ օգուտ տալ։
— Շատերը թերագնահատում են «Ուրարտուին», նշելով որ թիմը չի կարող պայքարել լավագույն վեցնյակում հայտնվելու համար։ Դու ի՞նչ կասես։ Ի՞նչ կտա այս հաղթանակը թիմին։
— Բնականաբար պայքարելու ենք մինչև վերջ։ Բոլոր հնարավորություններն ունենք, ճիշտ է, որոշ հանգամանքներ կապված են նաև մրցակիցների խաղերից, բայց կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք, իսկ եթե այն կա, ուրեմն պայքարելու ենք մինչև վերջ։ Ամեն խաղում մտնելու ենք խաղադաշտ՝ հաղթելու համար։ Թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը։
©2020 Armenian Soccer