Armenian Soccer
Armenian Soccer

Խավիեր Լուրուենյա. «Հավաքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է թիմի գլխավոր մարզիչը»

Urartu

Հունվարի սկզբին «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից և արդեն ամբողջ կազմով պատրաստվում է առաջնության վերսկսմանը։ Թիմի ֆուտբոլիստներն արդեն անցկացրել են նախապատրաստական շրջանի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով ԲԿՄԱ-ի հետ (1:1)։

«Ուրարտուի» ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Խավիեր Լուրուենյա Լոբոն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է մարզումային գործընթացի կազմակերպման, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքի և այլնի մասին։

 

Թիմի ֆիզիկական վիճակի մասին

Արձակուրդներից հետո ֆուտբոլիստները սովորաբար իրենց լավագույն մարզավիճակում չեն լինում: Մենք հանգստի համար մեկ ամիս էինք հատկացրել, բայց նրանք հանգստացան այդ ժամանակահատվածի միայն կեսը․ երկու շաբաթ պետք է աշխատեին տանը, ընդհանուր վարժություններ անեին։ Այժմ մենք շարունակում ենք աշխատել նրանց ֆիզիկական պատրաստվածության բարելավման վրա, որպեսզի այն կրկին բարձր մակարդակի վրա գտնվի հատկապես այս տարվա առաջին պաշտոնական խաղից առաջ, որը կանցկացնենք «Վանի» հետ։

Վնասվածքների ցածր տոկոսի մասին

Այս առումով մեր բախտը բերել է, քանի որ վնասվածքներից խուսափելն ինչպես ճիշտ աշխատանքի, այնպես էլ հաջողակ լինելու հետ է կապված: Այս մրցաշրջանում բոլոր վնասվածքները մեր ֆուտբոլիստները ստացել են հանդիպումների ժամանակ, ինչպես օրինակ՝ Միրանյանի վնասվածքը «Արարատի» հետ խաղում։ Այս պահին մենք կենտրոնացած ենք ուժային վարժությունների վրա, քանի որ դրանք օգնում են ֆուտբոլիստներին լավացնել խաղային որակները իրենց դիրքերում: Մենք շարունակելու ենք աշխատել նույն ջանքերով ողջ նախապատրաստական շրջանի ընթացքում։ Հուսով եմ, որ վնասվածքների առումով այս հաջողությունը մեզ հետ կլինի նաև մրցաշրջանի մնացած հատվածում։

«Ուրարտուում» ես ինձ շատ լավ եմ զգում, ակումբն ունի բոլոր հարմարությունները, հատկապես իմ աշխատանքի համար. խոսքը ոչ միայն դաշտերի մասին է, այլև մարզասրահի, վերականգնողական սենյակների, լավ մասնագետների, որոնց շնորհիվ մենք կարող ենք հասնել ավելիին: Այլ ակումբներում, որտեղ չկան նման պայմաններ, չես կարող լիարժեքորեն աշխատել։ «Ուրարտուի» հետ աշխատանքն անհամեմատելիորեն հեշտ է:

Ակումբի հավաքի մասին

Ուսումնամարզական հավաքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, սակայն ողջ անձնակազմն օգնում է նրան այդ հարցում։ Հավաքը հեշտ բան չէ. արթնանում ես, նախաճաշում, մարզվում, ճաշում, մի քիչ քնում ես, նորից մարզվում, երեկոյան գնում քնելու, իսկ առավոտյան այս ամենը նորից ես սկսում: Միայն հավաքը բավական է, քանի որ իսկապես հեշտ չէ ընտանիքից հեռու լինելը, առօրյայից երկար ժամանակով շեղվելը։ Մենք որոշեցինք նախապատրաստական շրջանը երկու հատվածի բաժանել. սկզբնական շրջանը միտված է ֆուտբոլիստներին ավելի բարդ աշխատանքի, ինչպես նաև ստուգողական խաղերին նախապատրաստելուն, այնուհետև, երբ գնանք արտասահմանյան հավաքի, ավելի պատրաստ կլինենք այնտեղի ստուգողական հանդիպումներին և կշարունակենք բարելավել մարզավիճակը պարապմունքների ժամանակ: Իսկ վերջին շաբաթվա ընթացքում ջանասիրաբար կմարզվենք, որպեսզի լավագույն մարզավիճակով մոտենանք տարվա առաջին պաշտոնական հանդիպմանը։

Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբի հետ աշխատանքի մասին

Ռոբերտ Արզումանյանի հետ աշխատելու առաջին փորձս է, նախկինում աշխատել եմ շատ այլ մարզիչների հետ։ Այստեղ ամեն բան իմ սրտով է։ Երբ հասկանում ես, որ քո կարծիքը լսում և հասկանում են, կամ երբ գլխավոր մարզիչը քո կարծիքից ավելի լավն է հայտնում, դուք սկսում եք քննարկել, թե որն է ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը, քանի որ դա նաև ձեր ընդհանուր նպատակն է։ Արզումանյանը լավ մասնագետ է իր աշխատանքում, իմ աշխատանքն այլ է, մարզչական շտաբում էլ բոլորը տարբեր գիտելիքներ ունեն, և որպեսզի ամեն ինչ աշխատի, անհրաժեշտ է մեր հմտություններն ու գիտելիքները համադրելու ճիշտ մոտեցում։ Մենք հիանալի մարզչական շտաբ ունենք, և ինձ համար սա շատ լավ փորձ է:

 

©2022 Armenian Soccer