2020թ-ի հուլիսին ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնության անցկացումը: Պատճառը դրան մասնակից 5 ակումբների («Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան»)՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելն էր: ՀՖՖ գործկոմի նիստին ներկայացվել էին իրավապահ մարմինների ու UEFA-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու ապացույցները, ինչի արդյունքում 5 ակումբներն, ինչպես նաև դրանցում ներգրավված 58 անձիք (այդ թվում՝ 45 ցմահ) տարբեր ժամկետներով որակազրկվել էին:
Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ «չեղարկելով և առ ոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները»։ Այս մասին տեղեկացնում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։
«Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար։ Գործի մի շարք մանրամասների և մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ մամուլի ասուլիս հրավիրելով»,-ասվում է հաղորդագրությունում: