Armenian Soccer-ը սկսում է նոր շարք՝ հարցազրույցներ հայ երիտասարդ ու հեռանակարային ֆուտբոլիստների հետ: #YoungArmenianTalents
Այդ շարքում մեր առաջին հերոսը Երևանի «Ուրարտուի» հարձակվող Աբրահամ Պորտուգալյանն է:
— Ո՞ր տարիքից ես զբաղվում ֆուտբոլով:
— Ֆուտբոլ սկսել եմ խաղալ շատ փոքր տարիքից։ 3-4 տարեկանից սկսած գրեթե ամբողջ օրս անցնում էր բակում՝ ֆուտբոլ խաղալով։ Իսկ արդեն 9 տարեկանից հաճախել եմ «Բանանց», ներկայիս՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։
— Սկսած Մ-15 հավաքականից՝ հաճախ հրավիրվել ես տարբեր տարիքային հավաքականներ: Ո՞րն է մինչ այժմ խաղացած ամենահիշարժան խաղը հավաքականի մարզաշապիկով:
— Ամենից հիշարժան խաղը ինձ համար 2017 թվականին տեղի ունեցած Կիպրոս — Հայաստան Մ-19 տարեկանների հավաքականների հանդիպումն էր: Այդ խաղում (վնասվածքից ապաքինվելուց հետո) փոխարինման մտա երկրորդ խաղակեսի միջնամասում և խաղի վերջին րոպեին դարձա հաղթական գոլի հեղինակ: Ինձ համար միշտ մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել կրել հավաքականի մարզաշապիկը և պաշտպանել այն: Հուսով եմ՝ դեռ շատ անգամներ իմ ներդրումը կունենամ հավաքականի հաղթանակներում:
— Ո՞ր տարիքից ու ո՞վ որոշեց, որ պետք է հանդես գաս հարձակման գծում:
— Հենց առաջին խաղից մշտապես գործում եմ հարձակման գծում: Եվ, կախված մեր ու մրցակցի խաղաոճերից, ինձ հիանալի եմ զգում հարձակման բոլոր դիրքերում:
— Պորտուգալիայի Մ-17 տարեկանների հավաքականի հետ խաղում քո ազգանվանը հատուկ ուշադրություն կա՞ր: Առհասարակ, շա՞տ են հարցնում ազգանունի պատմության մասին:
— Այո, շատ են հարցնում։ Խաղի ժամանակ մարզադաշտի մեկնաբանը մի փոքր այլ (զարմացած) տոնայնությամբ հայտարարեց իմ ազգանունը։
— «Երևանը» բավականին «տարօրինակ» պատմություն ունեցող ակումբ էր: Ի՞նչ կարող ես ասել թիմի, մարզչական հաճախակի փոփոխությունների մասին: Քեզ համար ի՞նչն էր ամենատարօրինակը թիմում:
— Չեմ ցանկանա՝ որևէ ֆուտբոլիստ հայտնվի նման իրավիճակում։ Դրանք կյանքիս ամենաբարդ ամիսներն էին։ Մարզչական հաճախակի փոփոխություններ, ոչ կանոնավոր մարզումներ, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ, կազմի տարօրինակ ընտրություն, թիմի շուրջ անընդհատ խոսակցություններ։ Ամենատարօրինակը «Լոռիի» հետ վերջին տուրի հանդիպումն էր. մենք դաշտ էինք դուրս եկել առանց փոխարինող ֆուտբոլիստի՝ կազմում ունենալով ընդամենը մեկ նոմինալ պաշտպան։
— Դադարից հետո աստիճանաբար սկսել ես հանդես գալ «Ուրարտուի» կազմում: Ի՞նչ ծրագրեր ունես ընթացիկ ու հաջորդ մրցաշրջանների համար:
— Լինելով «Ուրարտու» ակումբի սան՝ ցանկացել և մշտապես ձգտել եմ հանդես գալ հարազատ ակումբիս հիմնական թիմում, այժմ ինձ ընձեռնվել է այդ հնարավորությունը։ Ես ձգտում եմ լավ կատարել մարզիչներիս հանձնարարությունները և իմ ներուժով օգնել թիմիս նպատակներն իրագործելու համար։
— Ո՞վ է սիրածդ ֆուտբոլիստը, միջազգային թիմերից ո՞ր թիմի խաղն ես հավանում, ինչու՞:
— Սիրածս ֆուտբոլիստներն են Հենրիխ Մխիթարյանը, Էդեն Ազարը, Զլատան Իբրահիմովիչը։ Սիրում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի խաղը։ Ինձ դուր է գալիս Պեպ Գվարդիոլայի խաղային ձեռագիրը՝ գնդակի տոտալ հսկողություն, կարճ և միջին փոխանցումներով խաղ, արագ և կրեատիվ հարձակման գիծ։
— Գիտեմ, որ ֆուտբոլով հետաքրքրություններդ չեն ավարտվում, դու սովորում ես Երևանի ճարտարապետական համալսարանում: Որքանո՞վ է կարևոր քեզ համար մասնագիտություն ունենալը:
— Մարզիկի կարիերան այդքան էլ երկար չէ, ուստի կարևոր եմ համարում նաև լրացուցիչ մասնագիտությունը։ Մոտ 2 շաբաթ առաջ պաշտպանեցի դիպլոմային աշխատանքս։ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա ։
— Ինչու՞ ես ընտրել հենց ճարտարապետական համալսարանը: Հնարավո՞ր է երբևիցե ֆուտբոլն ու քո մասնագիտությունն ինչ-որ ձև կապվեն իրար հետ:
— Հաշվի առնելով իմ նախասիրությունները, գիտելիքները և պահանջարկ ունեցող մասնագիտությունները՝ որոշեցի ընտրել ՃՇՀԱՀ֊-ի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը։
— Որո՞նք են նպատակներդ ֆուտբոլում և ֆուտբոլից դուրս:
— Իմ առաջիկա նպատակն է դառնալ «Ուրարտու»-ի առանցքային ֆուտբոլիստ ու թիմիս հետ միասին նվաճել Հայաստանի գավաթը։ Իմ գլխավոր նպատակներից մեկն է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ֆուտբոլից դուրս վերջին սահմանած նպատակս էր հաջողությամբ ավարտել համալսարանը, այն կատարելուց հետո դեռ չեմ սահմանել նոր նպատակներ։ Բայց ծրագրում եմ բարելավել անգլերենի և ռուսերենի իմացությունս։
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan
Photo: FC Urartu/Abraham Portugalyan