VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը այլևս թիմում չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թիմի ավագ, կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը։
Մեր ակումբը անչափ շնորհակալ է հանրաճանաչ ֆուտբոլիստից՝ մեր հրավերը ընդունելու և մեր ընտանիքի մասնիկը դառնալու համար։ Գուֆրանը պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և անհատական բացառիկ հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, ով իր ամենօրյա աշխատանքով հիանալի օրինակ էր ծառայում հատկապես ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար։
Մեր ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել Հայաստանի չեմպիոն։ Արարատ-Արմենիայի դռները միշտ բաց կլինեն քեզ համար։
Մենք քեզ հետ ենք, ավա՛գ»,-ասվում է «Արարատ-Արմենիայի» տարածած հաղորդագրությունում։
©2021 Armenian Soccer