Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» ռուս դարպասապահը, հայկական արմատներն ու Հայաստանի հավաքականը

Երևանի «Փյունիկի» ռուս դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Այդ մասին ֆուտբոլիստը խոսել է Vnews-ի հետ զրույցում՝ նշելով, որ հայկական արմատներ ունի. «Իմ նախնիները բնակվել են Կարսի մարզի Բլագոդարնոյե գյուղում: Նրանք մոլոկաններ են եղել։ Մեծ Եղեռնի ժամանակ նրանք ստիպված են եղել փախչել դեպի արևելք` Երևան, այնուհետև՝ Վլադիկավկազ։ Այդ ճանապարհին նրանք հանդիպել են հայ երեխաների, որոնց ծնողներին սպանել էին թուրքերը: Այդպես, երեխաներին թաքցնելով արկղերի մեջ՝ հասցրել են Վլադիկավկազ: Այնուհետև, նրանք որդեգրել են նրանցից մեկին, որը հետագայում դարձել է իմ պապիկի մայրը՝ Կատյա Հակոբի Բաբայանը, ով ամուսնանալով իմ մեծ պապի հետ՝ դարձել է Եկատերինա Բուչնևա»,-պատմել է Բուչնևն ու հավելել, որ անձամբ իր հետ ՀՖՖ-ից կապ չեն հաստատել, սակայն ակումբի հետ կապվել են:

«Նրանք կապ են հաստատել «Փյունիկի» ղեկավարության հետ և ասել, որ դիտարկում են ինձ հավաքական հրավիրելու տարբերակը: Կընդունե՞մ հրավերը: Իհարկե: Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել թիմին, միշտ պատրաստ եմ: Յուրաքանչյուր մարդու համար հպարտություն է խաղալ ազգային հավաքականի կազմում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, բայց հայկական արյուն ունեմ և դրանով հպարտանում եմ»,-ասել է Բուչնևը։

Stanislav Buchnev

 

©2021 Armenian Soccer