Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» հրաժեշտ է տվել իր երկու ֆուտբոլիստներին

Գևորգ Ղազարյան

 

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմում իրենց ելույթներն այլևս չեն շարունակի պաշտպան Արման Հովհաննիսյանը և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։

 

Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է ֆուտբոլիստների հեռանալու լուրին և ասել.

 

«Նախապես ասեմ՝ մի փոքր տխուր ենք, որ լավ ֆուտբոլիստները հեռանում են «Փյունիկից»։ Երկուսն էլ հսկայական դերակատարում և հեղինակություն ունեին թիմում, թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեծ ներդրում ունեցան մեր չեմպիոնության հարցում։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց՝ անմնացորդ նվիրման և անկեղծության համար։


Մենք երեքով երկար առանձնազրույց ունեցանք և հանգեցինք այն մտքին, որ ներկա իրավիճակում այսպես է պետք։ Ֆուտբոլային կյանքում ամեն ինչ ժամանակավոր է, նույնն էլ վերաբերում է մեզ՝ մարզիչներիս և ֆուտբոլիստներին։ Այսօր նրանց ժամանակն էր հեռանալու, կգա մի օր էլ՝ ես կհեռանամ «Փյունիկից»։ Դա նորմալ է։


Կրկին անգամ կցանկանամ նրանց՝ ամենայն բարիք և հաջողություն իրենց հետագա կարիերայում, քանի որ նրանք արժանի են նոր նվաճումների»:

 

Գևորգ Ղազարյանն էլ իր հրաժեշտի խոսքում նշել է.

 

«Փյունիկի» սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն՝ եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին:

2021թ.-ին միանալով «Փյունիկին», ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և «Փյունիկի» գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:

Շնորհակալ եմ պարոն Սողոմոնյանին՝ ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար:

Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել:

Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:

Սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք»:

 

©2022 Armenian Soccer