Armenian Soccer
Armenian Soccer

Փաշինյանն ու Ինֆանտինոն քննարկել են Հայաստանում միջազգային մակարդակի մարզադաշտի կառուցումը

Փաշինյան-Ինֆանտինո

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին:

 

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով:

 

Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին:

 

Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում:

 

ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին:

 

Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

 

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

 

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:

 

©2022 Armenian Soccer