Երևանի «Արարատն» ընթացիկ մրցաշրջանից առաջ ռադիկալ փոփոխությունների դիմեց՝ թարմացնելով թիմի թե ֆուտբոլիստների ու թե մարզչական կազմն, ինչն իր տեսանելի արդյունքն ունեցավ մրցելույթների վրա: Այսօր արարատցիները Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի առաջատարն են, վստահ շարժվում են առաջ նաև գավաթի խաղարկությունում: Այն մասին, թե ո՛ր «աստղերը» ճիշտ դասավորվեցին մրցաշրջան 2020/21-ում «Արարատի» համար ու ի՛նչ ծրագրեր են այժմ իրականացվում ակումբի կողմից, զրուցել ենք «Արարատի» մարզական տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի հետ:
Պրն. Ղարաբաղցյան, սկսենք, թերևս, Հայաստանի տարբեր հավաքականներ գործուղած ձեր ֆուտբոլիստներից: Գո՞հ եք նրանց մրցելույթներից:
Ինչպես գիտեք` թե՛ երիտասարդական հավաքականում, թե՛ ազգային ընտրանու կազմում ունեինք ներկայացուցիչներ։ Բնականաբար, գոհ ենք Սերոժ Թիթիզյանի ելույթից։ Շատ լավ նորամուտ ունեցավ, դարձավ հիանալի գոլի հեղինակ։ Սերոժը շատ մեծ աճ է գրանցել ու դա չնկատելն անհնար է։
Մուրադյան Կարենն էլ միացել էր ազգային ընտրանուն, ու, կարծում եմ, լավ հանդիպում անցկարցեց ռումինացիների դեմ։ Կարծում եմ, որ Կարենը արդեն բավականին երկար ժամանակ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում ու միանշանակ արժանի է ազգային ընտրանու խաղաշապիկը կրելուն։ Ուրախ ենք, որ «Արարատի» ֆուտբոլիստները կարողանում են օգնել տարբեր տարիքային հավաքականներին՝ հաջողություններ գրանցել։
Քանի որ խոսեցինք Սերոժ Թիթիզյանի մասին, կուզեի ավելի մանրամասն նրանց անդրադառնանք: Ֆրանսիական «Սարգեմինից» ու «Մեցի» պատանեկան թիմերից հետո հեշտ կայացավ ադապտացումը հայկական ֆուտբոլին: Ու արդյո՞ք մոտակա ծրագրերում կա՝ վերջինիս դարձնել առաջին թիմի ֆուտբոլիստ:
Իհարկե, Ֆրանսիայից հետո հայկական ֆուտբոլին հարմարվելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց պետք է արժանին մատուցել նրան։ Սերոժը բավականին կարճ ժամանակում կարողացավ հարմարվել մեր ֆուտբոլին, ինչում, իհարկե, կարևոր էր նաև մարզչական աշխատանքի դերը։ Նրա խփած գոլերն ու փոխանցումներն այդ ամենի վառ վկայությունն են։ Եթե նկատել եք, նա հայտավորվում է նաև Պրեմիեր լիգայի խաղերին ու նույնիսկ նորամուտն է նշել առաջին թիմի կազմում։ Նրա տաղանդը ակումբի մարզիչները նկատել էին դեռ ամենասկզբից ու նրա հետ, բնականաբար, կան հեռուն գնացող ծրագրեր։
Պրն. Ղարաբաղցյան, Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում, որ գլխավորում է «Արարատը», առաջատարները չափազանց խիտ են դասավորված: Ինչպիսի՞ն եք ակնկալում չեմպիոնության համար պայքարը առաջնության վերջնամասում:
Առհասարակ վերջին տարիների չեմպիոնական պայքարը շատ թեժ է ընթանում։ Նույն պատկերն է նաև այս տարի: Ամեն ինչ անելու ենք՝ երկար դադարից հետո կրկին չեմպիոն դառնալու համար։ Մրցակիցները ուժեղ են, սակայն մեր թիմը պատրաստ է երկու ճակատով կռիվ տալու ու լավագույն արդյունքի հասնելու համար։
Ֆուտբոլային ընթացիկ մրցաշրջանն առհասարակ ծանր ու կորուստներով է ընթանում հայկական ֆուտբոլում, ինչը չի կարող չանդրադառնալ նաև ձեզ վրա: Արդյո՞ք այս ամենը հետևանք է ինչ-որ ճգնաժամի, և ի՞նչ ելքեր եք տեսնում:
Իրավացի եք, այս մրցաշրջանը բավականին ծանր ու կորուստներով է ընթանում։ Կորոնավիրուսին գումարվեց նաև պատերազմը, ու լավ եք հասկանում, որ այդ օրերին նույնիսկ հոգեբանորեն շատ դժվար էր պատրաստվել խաղերին։
Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այս ծանր մրցաշրջանում թիմը լավագույն կերպով պատրաստվի խաղերին ու մրցաշրջանի վերջնամասին՝ ամենակարևոր հատվածին։
Պրն. Ղարաբաղցյան, «Արարատի» մեծ հաղթանակներից անցել են երկար տարիներ: Այսօր թիմը իրավամբ պայքարում է չեմպիոնության համար. որո՞նք էին այն «աստղերը», որ ճիշտ դասավորվեցին մրցաշրջան 2020/21-ում:
Գիտեք, «Արարատը» հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է ու մենք ամեն տարի փորձում ենք պայքարել ամենաբարձր հորիզոնականների համար։ Համենայն դեպս, ակումբի հովանավորներն ամեն մրցաշրջանից առաջ խնդիր են դնում՝ պայքարել բարձր հորիզոնականների համար, ու ներդրումներ են կատարում։ Այլ հարց է, որ մրցաշրջանն անհաջող է դասավորվում, սակայն ակումբի ղեկավարությունն ու հովանավորները ամեն ինչ անում են թիմի լավ ելույթների համար։
Այս մրցաշրջանից առաջ էլ եղան փոփոխություններ աշխատակազմում, և Արթուր Նազարյանի՝ ակումբին միանալու փաստը նույնպես դրական փոփոխություններ հաղորդեց ակումբին։
Թիմը շատ լավ համալրումներ ունեցավ։ Անհնար է չնկատել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի աշխատանքը, ինչպես նաև նոր՝ որակյալ համալրումները։ Թիմի կազմում են փորձառու խաղացողներ, հավաքականում հանդես եկող տղաներ, այս փաստը նույնպես հաջողության գրավական է։ Նաև լավ ուսումնամարզական հավաքներ անցկացրինք, որն, ինչպես գիտեք, կարևոր փաստ է առաջնությունում չեմպիոնության համար պայքար մղելու համար։
Հայկական ֆուտբոլի անգամ ամենածանր տարիներին միայն 2 թիմ ունեին իրենց հավատարիմ երկրպագուների բանակը, որոնք, ի դեպ, այնքան էլ հանդուրժող չէին միմյանց հանդեպ: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած փոփոխություններ-տեղափոխումները արդյոք լրացուցիչ լարվածություն չստեղծեցին:
«Արարատի» երկրպագուները, կարծում եմ, յուրահատուկ են։ Նրանք թիմի հետ են անկախ ամեն ինչից ու շնորհակալություն կարող եմ հայտնել նրանց՝ միշտ թիմի հետ լինելու համար։
Լարվածություն ես չեմ նկատել, իհարկե համացանցում շատ գրառումներ կարող են լինել, սակայն դրանք իրական պատկերը չեն արտացոլում։ Ես նման բան չեմ նկատել ու ըստ իս, բոլորը հասկանում են, որ սա ֆուտբոլ է, որի անբաժան մասն է կազմում տեղափոխություններն ու փոփոխությունները։
Ու շարունակելով նաև երկրպագուների թեման. ԿՈՎԻԴ-ով պայմանավորված սահմանափակումները, որ գործում էին գրեթե ողջ տարվա ընթացքում, որքանով խանգարեցին թիմին:
Արդեն նշեցի, որ այս մրցաշրջանը շատ առումներով բարդ էր։ Կորոնավիրուսի սահմանափակումներին փորձեցինք հարմարվել, ինչպես մյուս ակումբները։ Բարդ էր նման պայմաններում խաղալ ու մարզվել, բայց կրկին կնշեմ մարզչական աշխատանքը, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ նույնիսկ այսպիսի պայմաններում լավ արդյունքների հասան։ Դե իհարկե, ակումբի հովանավորներն էլ ամեն հարցում փորձում էին լավագույն ելքը գտնել՝ թիմի հաջողություններին նպաստելու համար։
©2021 Armenian Soccer
Images: T. Gharabaghtsyan / FC Ararat / TotoGaming