Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում Շիմքենդում «Օրդաբասին» հյուրընկալել էր երկրի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Աստանային»:
19-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Աբատ Այմբետովը, ով «Աստանային» հաշվի մեջ առաջ մղեց: Բայց 3 րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: 53-րդ րոպեին մայրաքաղաքային թիմը կրկին հաշվի մեջ առաջ անցավ: Նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը, ով հանդիպման ամենաակտիվ խաղացողներից մեկն էր: 7 րոպե անց Բարսեղյանի գոլային փոխանցումից հետո հաշիվը 3:1 դարձրեց Այմբետովը: 77-րդ րոպեին Մարին Թոմասովը հաշիվը էլ ավելի համոզիչ դարձրեց`4:1: Բարսեղյանի այս խաղում խփած գոլը ընթացիկ առաջնությունում առաջինն էր:
5 խաղում վաստակած 11 միավորով Բարսեղյանի թիմը հավասարվեց իր ակտիվում նույնքան միավոր գրանցած երկրի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթին», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում էլ շարունակվում է հաջողությամբ հանդես գալ ՀՀ ազգային ընտրանու մեկ այլ խաղացող` Կամո Հովհաննիսյանը:
©2021 Armenian Soccer