Armenian Soccer
Armenian Soccer

Վլադիսլավ Խապսաս. «Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի բյուջեն զգալիորեն նվազել է,բայց…»

«Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո «Փյունիկի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը մեկնաբանեց թիմի ներկայիս արդյունքները և խոսեց հետագա պլանների մասին.
— Ինչպե՞ս եք գնահատում «Փյունիկի» ներկայիս դիրքն առաջնությունում:
— Մրցաշրջանի այս հատվածը շատ բարդ էր: Ներկայիս արդյունքն ունի օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներ: Ես հասկանում եմ, որ երկրպագուները մեզանից բոլորովին այլ բան են ակնկալում: Եվ մենք շնորհակալ ենք նրանց, որ աջակցում են մեզ դժվար պահերին: Սա շատ կարևոր է ամբողջ թիմի համար: Ֆուտբոլիստներից բողոքներ չկան, նրանք ամեն խաղում պայքարում են իրենց ուժերի ներածին չափով:
— Գո՞հ եք թիմի գլխավոր մարզչի աշխատանքից:
— Մենք լիովին վստահում ենք Արտակին և միասին «Փյունիկն» ավելի ուժեղ կդարձնենք:
— Ինչպե՞ս եք պատրաստվում ուղղել իրավիճակը:
— Ձմեռային ընդմիջումից առաջ մեզ մնացել է ընդամենը մեկ հանդիպում «Շիրակի»հետ: Ձմռանը մենք ամեն ինչ կանենք մեր կազմն ավելի ուժեղ դարձնելու և ուսումնամարզական հավաքներին լավ աշխատելու համար: Ոչինչ կորած չէ, ամբողջ պայքարը դեռ առջեւում է:
— Դուք նշեցիք նոր խաղացողներով համալրվելու մասին: Պատրաստվու՞մ եք հրաժեշտ տալ «Փյունիկի» ներկայիս խաղացողներից որևէ մեկին:
— Կարծում եմ` 1-2 խաղացողներ կհեռանան թիմից:
— Իսկ պատրաստվու՞մ եք որևէ կերպ փոխել թիմի նպատակները մրցաշրջանի համար:
— Նախորդ մրցաշրջանի համեմատ, ակումբի բյուջեն զգալիորեն նվազել է, բայց ես գտնում եմ, որ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար ՝ այն է, եվրագավաթների ուղեգիր նվաճել:
— Բյուջեի կրճատումն որևէ կերպ ազդե՞լ է ակումբի կայունության վրա:
— Մենք շատ խնամքով ենք տնօրինում բյուջեն և ժամանակին կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները:

©2020 Armenian Soccer