«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ՀՀ Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրի «Նոայի» հետ խաղից (2:3) հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին․
— Երևի թե, լավ խաղասկիզբն ու արագ երկու գոլերն ինչ-որ տեղ մեզ խանգարեցին, քանի որ երկու գոլից հետո պատկերացրեցինք, թե մեզ համար ամեն ինչ հեշտ է դասավորվելու։ Ամեն դեպքում, 2:0-ից հետո պետք չէ ոչ մի դեպքում թույլ տայինք մրցակցին մտնել խաղի մեջ։ 2:0 հաշվի ժամանակ ունեինք իրական գոլային պահ, սակայն դարպասապահի հետ մեն-մենակ մնալուց հետո Դավիթ Մանոյանին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ։ Այդ իրավիճակում էլ կորցրեցինք գնդակը, թույլ տվեցինք «Նոան» արագ հակագրոհ ձեռնարկի, ինչի արդյունքում էլ գոլ խփեց։ Բաց թողած գոլից հետո էլ երկու գնդակի տարբերությունը վերականգնելու հնարավորություն ունեինք, սակայն նպաստավոր դիրքում հայտնվելուց հետո Խուրցիձեն ընկավ ավելորդությունների հետևից և չկարողացավ գոլ խփել։ Ընդմիջման գնացինք 2։2 հաշվի պայմաններում և ընդհանուր բաց ֆուտբոլ ընթացավ, քանի որ երկու թիմին էլ ձեռնտու չէր ոչ-ոքի արդյունքը։ Տպավորություն կար, որ այն թիմը, որը երկրորդ կեսում առաջինը գոլ կխփի, կհաղթի խաղը։ Ունեինք պահեր, սակայն դարպասապահի հետ մեն-մենակ մնալուց Կոնեն չկարողացավ օգտագործել իր պահը։ Շնորհավորում եմ «Նոային»։ Շարժվում ենք առաջ, երրորդ շրջանը դժվար է լինելու բոլոր թիմերի համար։ Համոզված եմ, որ աղյուսակում դեռ կլինեն փոփոխություններ։
— Նշեցիք, որ 2։2 հաշվի ժամանակ բաց խաղ էր ընթանում։ «Արարատն» էր դա առաջարկու՞մ, թե՞ մրցակիցը։
— Նորից կրկնեմ, որ երկու թիմն էլ ցույց էին տալիս, որ ոչ-ոքին իրենց ձեռնտու չէր։ Դրա համար պետք էր ընդամենը կարողանայինք գոլ խփեր։ Եթե խփեինք, մենք կհաղթեինք, սակայն «Նոան» խփեց և կարողացավ հաղթել։ Ինչ վերաբերում է խաղավերջում Կոնեի փոխարինմանը, ապա ինքը վնասվածք ուներ և հենց ինքը փոխարինում խնդրեց:
©2021 Armenian Soccer