ՀՖՖ լրատվական ծառայությունը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն է.
«Միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ վնասվածք էի ստացել: Բուժզննումը ցույց էր տվել, որ քառագլուխ մկանն է վնասվել: Պետք է մեկնեի Գերմանիա՝ ստուգվելու համար, քանի որ ինձ ասել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակվեցին և այդ պատճառով չմեկնեցի: Բժիշկն ասաց, որ մեկ ամսով դադար վերցնեմ և ոչինչ չանեմ: Այդ նշված ժամկետից երկու շաբաթն արդեն անցել է: Հիմա Եկատերինբուրգում եմ, տանն եմ, չեմ մարզվում և միայն վերականգնողական միջամտությունների եմ գնում: Մեր թիմն էլ երկար ժամանակ չէր մարզվում և միայն երեկ են սկսել մարզումները, բայց փոքր խմբերով և թեթև ռեժիմով՝ զուտ մարզավիճակը պահպանելու համար:
Եկատերինբուրգում իրավիճակը հանգիստ է, բայց մենք ամեն դեպքում պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, տնից քիչ ենք դուրս գալիս և զգուշավոր ենք: Բոլորին խորհուրդ եմ տալիս հանգիստ լինել և հուսալ, որ այս իրավիճակը շատ շուտով կկարգավորվի»
©2020 Armenian Soccer