Armenian Soccer
Armenian Soccer

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՄԵԿՆ Է՝ ԿՐԹԵԼ ՈՒ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ»

Երևանի  «Ուրարտուի» ակադեմիայի մինչև 15 տարեկանների թիմի և Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանի հետ «Ուրարտուի» մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել,     կարանտինի շրջանում պատանի ֆուտբոլիստների մարզումների, դադարի հնարավոր ազդեցությունների ու  հետագա անելքների մասին։
— Արդեն 2 ամսից ավելի է, ինչ ակադեմիայի թիմերը հայտնի պատճառներով չեն մարզվում։ Ինչպե՞ս է անդրադառնում այս դադարը պատանի ֆուտբոլիստների ու ֆուտբոլիստուհիների վրա:
— Հաշվի առնելով այն, որ մարզումները վերսկսվել են 2020 թվականի հունվար ամսվա երկրորդ կեսից, դադարը երկու ամսից էլ երկար է։ Բնականաբար այս ամենն  անհետևանք չի կարող մնալ։ Սակայն ամեն ինչ կախված է ինքնամեկուսացման պայմաններում ֆուտբոլիստների անհատական մարզումներից։
— Կա՞ր հստակ մարզումային ծրագիր, որն այս ընթացքում օգնում էր պատանի ֆուտբոլիստներին՝ մարզավիճակը պահելու հարցում։
— Մարզումային ծրագիրը անհատականացվել և տրամադրվել է պատանի ֆուտբոլիստներին։ Բնականաբար մարզավիճակի պահպանումը լիարժեք չի կարող լինել, բայց անհատական մարզումներն իրենց արդյունավետությունը ցույց կտան մարզումները վերսկսելուն պես։
— Որպես գլխավոր մարզիչ՝ որո՞նք են լինելու Ձեր առաջնային քայլերը՝ մարզումները վերսկսվելուն պես հնարավորինս արագ վերականգնելու պատանիների ունակությունները։
— Առաջին հերթին պետք է բարելավենք ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածությունը՝ ներառելով տեխնիկա-տակտիկական գործոնները։ Տարիքային տարբեր խմբերի համար մշակվում է մարզումային հատուկ ծրագիր՝ հաշվի առնելով մարզվողների տարիքը և ոչ միայն։ Այս համատեքստում ինչպես բոլոր մարզիչների, այնպես էլ իմ խնդիրը մեկն է՝ կրթել և զարգացնել պատանի ֆուտբոլիստներին։
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի թիմերին մրցունակ մարզավիճակի հասցնելու համար։
— Մարզումները վերսկսելուն պես՝ պետք է հերթականացնել մարզումային գործընթացը՝ առաջնային տեղ տալով անհատի զարգացմանը, քանի որ մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մոտեցումներն ու մեթոդները տարբեր են։ Տարիքային տարբեր խմբերում վերականգնման և մարզավիճակ ձեռք բերելու ժամանակահատվածները ևս տարբեր են։
— Դուք նաև Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն եք։ Ինչպիսի՞ իրավիճակ է հավաքականում և առաջիկայում որո՞նք են լինելու Ձեր անելիքները։
— Հավաքականում և ակումբում աշխատանքները տարբերվում են միմյանցից։ Մշտապես կապի մեջ եմ ֆուտբոլիստների, մարզիչների հետ։ Նրանք ևս մարզվում են հատուկ ծրագրով։
Ցավոք, ապրիլ ամսվա ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը, որը պետք է անցկացվեր Հայաստանում, նույնպես հետձգվեց։ Մարզումները վերսկսվելուն պես կպատրաստվենք հաջորդ մրցաշարերին։
— Դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն առաջնություններն ու մրցաշարերը, բայց հույս ունենա՞նք, որ թիմերը կկարողանան պայքարի մեջ մտնել նույն եռանդով։
— Ակումբի և մարզիչների կողմից ամեն ինչ կարվի, որ և՛ աղջիկների, և՛ տղաների թիմերը շարունակեն մարզումները հավուր պատշաճի և տարբեր մրցաշարերում ցուցաբերեն բարձր արդյունքներ։
— Ի՞նչ կասեք որպես վերջաբան։
— Ելնելով ստեղծված իրավիճակից՝ շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին և առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, իսկ մեր երեխաներին կոչ եմ անում լինել համբերատար, կարգապահ և հետևել մարզիչների ցուցումներին։ Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք։

©2020 Armenian Soccer