Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Էքստրակլասան ներկայացնող ակումբ տեղափոխվելուց հետո իր գոլահարությամբ ու ցուցադրած խաղով իրեն սևեռեց լեհական մամուլի ուշադրությունը:
Լեհական Dumapomorza կայքը ծավալուն հարցազրույց է ներկայացրել հայ ֆուտբոլիստի հետ, որն էլ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Պոգոնում» նորամուտի ու հայրիկի արձագանքի մասին
Մենք հաղթեցինք, և նա, իհարկե, երջանիկ էր, բայց ինչպես միշտ՝ գտավ մի քանի դրվագ, որոնք կատարելագործման կարիք ունեին ու հարկ համարեց մատնանշել: Երևի թե ես մի ձեռքի մատներիս վրա կարող եմ հաշվել խաղերը, որոնցից հայրս գոհ է եղել: Նա միշտ կարող է ցույց տալ՝ ինչի վրա աշխատեմ, ինչը կատարելագործեմ: Նա միշտ հետևում է իմ խաղին ու ճշմարտությունն ասում:
Կամիլ Գրոսիցկու արտահայտած «Մաեստրո» դիմելաձևի մասին
Ո՜չ, ոչ, «մաեստրոն» իմ մականունը չէ, յուրաքանչյուրս հանդերձարանում ու ակումբում կարող ենք լինել «մաեստրո», քանի որ մեր հնարավորությունների սահմանում անում ենք մեր աշխատանքն ու թիմի մասնիկ հանդիսանում՝ ադմինիստրացիայի աշխատակիցներից սկսած մինչև ֆուտբոլիստներ: Յուրաքանչյուրն ուզում է ավելի լավը լինել, կատարելագործվել: Բնականաբար, հաճելի է այսպիսի արտահայտություն լսել նման ֆուտբոլային ուղի անցած ֆուտբոլիստից: Ես գիտելիքներ ու փորձ եմ քաղում նրանից, ինչպես նաև՝ մյուս ավագ թիմակիցներիցս: Ու այդ ամենը՝ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալու և թիմին օգնելու համար:
Ակլիմատիզացիայի, լեզվամտածողության ու Սլովակիայի և Լեհաստանի մասին
Այստեղ ես ի սկզբանե շատ ավելին եմ հասկանում, քանի որ «Ժիլինայում» հասցրեցի սովորել սլովակերեն, որը շատ նման է լեհերենին: Բայց դեռ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ազատ խոսեմ լեհերեն: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Լեզվի իմացությունը հանդերձարանում շատ կարևոր է, քանի որ օգնում է շփումներում, բայց շատ ավելի կարևոր է ուղղակի լավ մարդ լինելը: Դա ինձ համար ավելի կարևոր է, քան լավ ֆուտբոլիստ լինելը:
Ընկերական խաղերում շատ գոլեր խփելու ու դրանով իր արժեքը ցուցադրելը՝ որպես լավ հարաբերությունների հիմք
Իհարկե ես ուզում էի լավ սկսել իմ ելույթներն այստեղ:
Բայց ամենակարևորը առողջ լինելն է: Ու որպես ֆուտբոլիստ ես ուզում եմ չունենալ վնասվածքներ: Այդ դեպքում կկարողանամ բոլոր 100% ուժերս ներդնել: Մենք ուզում ենք չեմպիոն դառնալ՝ դա գաղտնիք չէ: Ու ես որպես այս թիմի մասնիկ նույնն եմ ուզում, իսկ դա պատասխանատվություն է: Մենք ուզում ենք մեր ակումբի պատմությունը կերտել, բայց րա համար բավարար չէ ուղղակի լավը լինել, պետք է անընդհատ աշխատել: Ո՞վ է 10 տարի անց հիշելու ինչ-որ ընկերական խաղերի մասին: Բոլորը միայն չեմպիոնին են հիշելու: Ու Աստված տա՝ դա մենք լինենք: Մենք կանենք հնարավորինս ամեն ինչ:
«Ժիլինայի» ու «Պոգոնի» տարբերությունների մասին
2 ակումբներում էլ երիտասարդների հետ աշխատանքի հիանալի պայմաններ են ստեղծված, լավ մարզիչներ են, ակումբները ճիշտ մարդիկ են գլխավորում: Պարզապես ինձ համար կարևոր էր, որ «Ժիլինային» հաջորդող էտապն իմ կյանքում քայլ առաջ լիներ:
«Պոգոն» տեղափոխվելու մասին
Առաջին իսկ զրույցից ես հասկացա, որ «Պոգոնն» ուզում է ինձ իր կազմում տեսնել, իսկ ես էլ կարող եմ այստեղ զարգանալ: Ու այսօր ես գիտեմ, որ ճիշտ որոշում եմ ընդունել, այստեղ ես կարող եմ իմ անձնական նպատակներին հասնել:
Ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստը լինելու մասին
Ես ուշադրություն չեմ դարձնում նման բաներին ու ուզում եմ, որ ինձ այլ պատճառներով հիշեն: Ես կենտրոնանում եմ աշխատանքիս վրա ու ինձ չեն տպավորում ռեկորդները, մեկնարկները, նորամուտները, մեկնարկային կազմում թե պահեստայինների նստարանին խաղը սկսելը…
«Պոգոնի» հիմնական կազմում խաղալու հեռանկարի մասին
Ես միշտ էլ պատրաստ եմ օգնել թիմին, բայց դա մարզչի որոշումն է: Եթե ինձ հնարավորություն ընձեռվի միայն պահեստայինների նստարանից սկսել խաղը, ես կանեմ ամեն բան, որպեսզի օգնեմ իմ թիմակիցներին: Իհարկե մի օր ես էլ հնարավորություն կունենամ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալ, սակայն ֆուտբոլը միայն մեկնարկային կազմի 11 հոգին չեն, այլ նաև՝ պահեստայիններն ու նրանք, ովքեր չեն հայտավորվել: Թիմը ամենից կարևորն է:
©2022 Armenian Soccer