Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանի» նախագահը հայտարարությամբ է հանդես եկել

Sevan FC

 

«Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով ակումբի աշխատակիցներին ու կրկին բարձրացնելով ՀՖՖ կողմից թույլատրված անարդարությունների թեման և հիշատակելով պատերազմական իրավիճակը:

««Սևան» ակումբի սիրելի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում այս կարճ, բայց շատ բովանդակալից ժամանակաշրջանի համար: Շնորհակալ եմ վստահության , հավատի և նվիրվածության համար, որ դուք ցուցաբերել եք ակումբի նկատմամբ: Շնորհակալ եմ, որ չնայած ամենօրյա արհեստական ստեղծվող խոչընդոտներին ոչ մի անգամ չեք տրտնջացել և բարեխղճորեն կատարել եք ձեր պրոֆեսիոնալ պարտականությունները: Շատերը միգուցե չհասկանան, նույնիսկ քննադատեն այս որոշումը, բայց ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ: Դուք ականատես եք եղել, որ ղեկավարությունը ոչինչ չի խնայել ակումբի առաջընթացը և զարգացումն ապահովելու համար: Հավատացնում եմ, որ ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի, ավելին` դրանք կծառայեն հայկական ֆուտբոլի պայծառ ապագային, որին թերևս քչերն են հավատում: Մենք պայքարել և պայքարելու ենք հանուն արդարության և մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար: Հավատացեք, որ ոչինչ անպատասխան չի մնալու:

ՀՖՖ ղեկավարությունը պատասխան է տալու իր անբարոյական կեցվածքի համար: Որքան էլ, որ իրենց ֆեյքերը սոցիալական ցանցերում հարձակվեն և գրեն, որ այս ամենն աթոռակռվի համար է, դրանից հարցի էությունը չի փոխվում: Մեր ֆուտբոլը գլորվում է դեպի անդունդը, իսկ աթոռակռվի աղմուկին ի պատասխան ասեմ, որ ես ցանկություն չունեմ դառնալ ՀՖՖ նախագահ և չեմ ձգտում դրան, բայց ամեն ինչ անելու եմ, որ ՀՖՖ-ում մեծ պաշտոններ զբաղեցնող փոքրոգի ղեկավարները ժամ առաջ լքեն իրենց աթոռները:

Թող հստակ իմանան Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ՀՖՖ ղեկավար կարգած ՀՀ պաշտոնյանները, որ մենք թույլ չենք տալու այսուհետ, որպեսզի այլ ակումբներ արժանանան «Սևանի» ճակատագրին: Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել: Երբ իրավիճակը հանդարտվի հանդես կգամ ասուլիսով և հանրությանը մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ՀՖՖ ապօրինի ընտրված ղեկավարությունը, կեղծում, քանդում և ոչնչացնում մեր ֆուտբոլը:

«Սևան» ՖԱ նախագահ»

 

©2021 Armenian Soccer