Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» չներկայացավ «Ալաշկերտի» հետ հանդիպմանը

Sevan FC

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Սևան» — «Ալաշկերտ» հանդիպումը տեղի չի ունեցել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։

Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Սևանը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի ներկայանալու 14։00-ին նշանակված խաղին։ Ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում էր. «Հարգելի ֆուտբոլասերներ

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։

Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սևանը» հանդես եկավ հայտարարությամբ, որում պահանջում էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականն ու սպառնում խաղադաշտ դուրս չգալ այս խաղին:

 

©2021 Armenian Soccer