Մայիսի 19-ին Սլովակիայի գավթի խաղարկության եզրափակչում պատվավոր մրցանակը Բրատիսլավայում վիճարկեցին երկրի 10-ակի չեմպիոն «Սլովանը», որը ելույթ է ունենում հանրահայտ մասնագետ Վլադիմիր Վայսի ղեկավարությամբ, և «Ժիլինան», որի կազմում ելույթ է ունենում գյումրեցի շնորհաշատ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը:
Հաջողությունը ժպտաց երկրի ամենատիտղոսակիր թիմին`«Սլովանին»: Ճիշտ է, 30-րդ րոպեին լեհ պաշտպան Յակուբ Կիվյորի խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ էր անցել «Ժիլինան»: Վերջինս հաղթական հաշիվը կարողացավ պահպանել 31 րոպե, երբ 61-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Էզեկել Հենտին վերականգնեց հաշվի հավասարությունը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ու այստեղ 105-րդ րոպեին «Սլովանի» մարզչի որդին` 31-ամյա կիսապաշտպան, Սլովակիայի ազգային հավաքականի խաղացող կրտսեր Վլադիմիր Վայսը 11 մետրանոցի անվրեպ հարվածով հաշիվը դարձրեց 2:1 ու նպաստեց իր թիմի հերթաակն անգամ գավաթակիր դառնալուն:
Ինչ վերաբերվում է օրերս 13 տարվա ընդմիջումից հետո ՀՀ գավաթակիր դարձած «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի որդուն`21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, ապա նա ասպարեզ մտավ միայն 105-րդ րոպեին: Նկատենք, որ 111-րդ րոպեից Վայսի թիմը խաղում էր 10 խաղացողներով: Խաղադաշտից հեռացվել էր 25-ամյա բրազիլացի հարձակվող Ռաֆայել Ռեջերիո դա Սիլվան, սակայն դա էլ չօգնեց Բիչախչյանի թիմին պարտությունից խուսափելու համար:
©2021 Armenian Soccer