Ի տարբերություն ՀՊԼ-ի շատ ակումբների՝ ձմեռային դադարի ընթացքում նորություններն «Ալաշկերտի» «դաշտից» նորությունները բավական քիչ էին: Քիչ, սակայն խիստ տպավորիչ՝ Դավիթ Յուրչենկոյի ձեռքբերում, մարզիչների անակնկալ ու միևնույն ժամանակ ակնկալելի փոփոխություն, հովանավորչական պայմանագիր «Ռոստելեկոմ» ընկերության հետ… Այս ամենի, ինչպես նաև՝ ձմեռային դադարի ընթացքում թիմի ծրագրերի մասին զրուցել ենք ակումբի մամուլի ծառայության ղեկավար Սամվել Սուքիասյանի հետ:
Սամվել, ընդամենը դեկտեմբերին «Ալաշկերտը» հայտարարեց, որ երկարաձգում է պայմանագիրը Եղիշե Մելիքյանի հետ, ում գլխավորությամբ թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով էր 3-րդ տեղում… Սակայն ուղիղ 20 օր անց հայտնի դարձավ, որ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է… Ի՞նչ պատահեց այդ 20 օրերի ընթացքում:
Ֆուտբոլն առհասարակ այնպիսի մարզաձև է, որում ամեն բան շատ արագ է փոխվում: Ընդ որում՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս: Երբեք չես կարող ասել, թե որտեղ կլինես վաղը:
Եղիշե Մելիքյանի աշխատանքից ակումբի ղեկավարությունը գոհ էր: Կարծում եմ՝ մեր թիմում նա շատ պրոդուկտիվ կազմակերպեց իր աշխատանքը: Առհասարակ, երկկողմանի լավ համագործակցություն էր. Մելիքյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն, ինչի ցանկությունն ուներ, մենք էլ՝ ի դեմս Մելիքյանի, լավ մարզիչ ունեցանք: Ու այո, երկարաձգել էինք պայմանագիրը, բայց այնպես ստացվեց, որ որոշեցինք չերկարացնել համագործակցությունը, քանի որ մարզիչը առաջարկ ստացավ այլ ակումբից, ու մենք չցանկացանք խոչընդոտել: Բացի այդ, որոշ հարցերում ընդհանուր հայտարարի չեկանք: Թերևս այսքանը:
Ու որպես շարունակություն. Աբրահամ Խաշմանյանը կրկին՝ հերթական անգամ, գլխավորում է «Ալաշկերտը»: Ի՞նչ ասելիք ունի Խաշմանյանը «Ալաշկերտի» համար այս փուլում…
Այո, Աբրահամ Խաշմանյանը կրկի՛ն գլխավորել է «Ալաշկերտը»: Բոլորս գիտենք, որ հենց նրա գլխավորությամբ է մեր թիմն առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև՝ գավաթակիր, սուպերգավաթակիր: Շոշափելի հաջողություններ է ունեցել նաև եվրոպական մրցասպարեզում. հիշենք, թեկուզ, նախորդ մրցելույթները Խաշմանյանի գլխավորությամբ, երբ շրջանցելով «Մակեդոնիա» թիմին՝ հանդիպեցինք բավական հզոր «Ստյաուային», որին անգամ հաղթեցինք Ռումինիայում և մոտ էինք Եվրոպա Լիգայի 3-րդ փուլ դուրս գալուն:
Թե՛ «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի ու թե՛ Աբրահամ Խաշմանյանի նպատակները համընկնում են. նրանք երկուսն էլ մաքսիմալիստ են: Այնպես որ, այս համադրությամբ միակ նպատակը կարող է լինել միայն ու միայն չեմպիոնությունը, իսկ ավելի գլոբալ՝ լավ մրցելույթները, եվրոպական մրցասպարեզ կրկին դուրս գալն ու այնտեղ հաջող ելույթներ ունենալը:
Ովքե՞ր են աշխատելու Խաշմանյանի մարզչական շտաբում:
Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում աշխատելու են օգնականներ Սերգեյ Էրզրումյանը, Աշոտ Գրիգորյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանն ու դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
ՀՊԼ մի շարք ակումբներ սկսել ուսումնամարզական հավաքները արտասահմանում: Նման հավաքի ծրագրեր արդյո՞ք ունի ակումբը:
Այս տարի այնպես ստացվեց, որ ելնելով տարբեր հանգամանքներից՝ մենք արտագնա ուսումնամարզական հավաք չենք անցկացնելու:Փոխարենը՝ 2 հավաք կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Առաջինն արդեն մոտենում է իր ավարտին (հունվարի 20-31-ը), իսկ երկրորդը փետրվարի 9-17ը կկայանա: Թե՛ դրա ընթացքում ու թե՛ դրանից առաջ մի քանի ստուգողական հանդիպում է նախատեսված անցկացնել: Մասնավորապես, փետրվարի 2-ին կմրցենք «Վանի» հետ, փետրվարի 5-ին՝ «Ուրարտուի», փետրվարի 9-ին մեր մրցակիցը կլինի «Սևանը», իսկ փետրվարի 14-ին՝ «Վեսթ Արմենիան»: Սա է հիմնական ծրագիրը:
Ի տարբերություն ՀՊԼ-ի շատ ակումբների՝ ձմեռային դադարի ընթացքում «Ալաշկերտը» տրանսֆերային շուկայում հանգիստ է: Թիմի կազմում փոփոխություններ սպասվո՞ւմ են:
Այս պահին չենք հայտարարել մի շարք տրանսֆերների մասին, որոնք ակնկալվում են: Այդ տեսանկյունից առայժմ կարող ենք ֆիքսել, որ «Ալաշկերտը» դե՛ռ «հանգիստ» է:
Մինչ այս պահը հայտարարել ենք միայն Դավիթ Յուրչենկոյի տեղափոխության մասին, որը, կարծում եմ, շատ լուրջ տրանսֆեր է Հայաստանի չափանիշներով: Նշեմ, որ մենք անպայման ունենալու ենք նոր ձեռքբերումներ, մասնավորապես՝ պաշտպանությունում, քանզի այն ուժեղացնելու կարիք կա: Բավական հետաքրքիր տրանսֆերներ են ակնկալվում: Կարծում եմ, որ նորեկ կունենանք նաև հարձակման գծում:
5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն…անձամբ ձեզ համար թիմի՝ ՀՊԼ-ի աշնանային հատվածի այս ցուցանիշը գոհացուցի՞չ է:
Իմ կարծիքով տարեցտարի Հայաստանի առաջնության մակարդակն ուժեղանում է: Եթե մի քանի տարի առաջ 6 թիմանոց առաջնությունում հնարավոր էր գրեթե առանց պարտությունների ու բարդությունների առաջ շարժվել ու պայքարել չեմպիոնության համար, ապա այս, ինչու չէ՝ նաև նախորդ առաջնությունում բավական մեծացել է մրցակցությունը: Առանց պարտությունների ու ոչ-ոքիների շատ դժվար է առաջ ընթանալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, մեր այս ցուցանիշը աշնանային հատվածի համար կարող է գոհացուցիչ համարվել, քանի որ կիսում ենք 1-ին հորիզոնականը: Ամեն դեպքում, կփորձենք լավ նախապատրաստությունից և սելեկցիայից հետո ավելի լավ հանդես գալ, լավ արդյունքներ գրանցել առաջնության գարնանային հատվածում:
Չնայած առաջնությունում բավական հաջող մեկնարկին՝ ձմեռային այս դադարի ստուգողական հանդիպումներում «Ալաշկերտի» ելույթները գոհացուցիչ դժվար համարվեն: Ըստ այդմ՝ ինչ ակնկալիքներ կան գարնանային հատվածից, որը ոչ ամբողջ մեկ ամիս անց է մեկնարկելու:
Այս ժամանակահատվածում ընդամենը 2 ստուգողական հանդիպում ենք անցկացրել, որոնցից առաջինում հանդես ենք եկել երկրորդ կազմով՝ փորձարկվող երիտասարդ ֆուտբոլիստներով մրցել ենք «Փյունիկ»-2-ի հետ և հաղթել: Այդտեղ հաշիվն այնքան էլ էական չէր («Ալաշկերտը» 3:2 հաշվով հաղթանակի հասավ — խմբ.): Երկրորդ խաղն «Ուրարտուի» հետ էր, որ այնքան էլ հաջող չդասավորվեց («Ալաշկերտը» 0:6 հաշվով պարտվեց — խմբ.): Ինչպես արդեն ասացի՝ թիմի կոմպլեկտացիան դեռ չենք ավարտել, այն ֆուտբոլիստները, որ մեզ պիտի միանան, դեռ մեր տրամադրության տակ չէին: Դա էր պատճառը, որ արդյունքն այնքան էլ լավը չէր, թեև հանուն արդարության նշեմ, որ արդյունքն ամենակարևորը չէ նախապատրաստական փուլում: Թիմի լիարժեք կոմպլեկտացիայից ու երկրորդ ուսումնամարզական հավաքից հետո մենք լիովին պատրաստ կլինենք առաջնության երկրորդ հատվածին:
Միջմրցաշրջանային այս հատվածում հայտնի դարձավ, որ թիմը սկսում է համագործակցություն «Ռոստելեկոմ» ընկերության հետ…Ի՞նչ եք ակնկալում այդ համագործակցությունից և առհասարակ՝ հայկական ֆուտբոլում ինչպես եք գնահատում հովանավորության ինստիտուտի զարգացման տենդենցը:
Շատ ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերության հետ հովանավորչական պայմանագիր կնքելու համար: «Ռոստելեկոմն» այսուհետ մեր գլխավոր հովանավորն է: Առհասարակ, շատ գովելի նախաձեռնություն է մեծ ընկերությունների կողմից՝ դեմքով դեպի հայկական ֆուտբոլը դառնալը: Ինչ վերաբերում է համագործակցության դրսևորումներին, ապա մենք բոլոր հարթակներում գովազդելու ենք մեր հովանավորին, մեր ֆուտբոլիստները բազմաթիվ միջոցառումների են մասնակցելու, փոխարենը՝ ստանալու ենք զգալի աջակցություն: Հուսով ենք՝ երկկողմանի ձեռնտու համագործակցություն կլինի, և «Ռոստելեկոմի» աջակցությամբ ավելի կբարելավենք մեր մրցելույթները, մեկ քայլ առաջ կշարժվենք:
Ինչ վերաբերում է հովանավորության ինստիտուտի զարգացման տենդենցին առհասարակ, ապա ուրախ եմ ֆիքսել, որ այն իսկապես այսօր տեղ ունի հայկական ֆուտբոլում: Գրեթե բոլոր ակումբներն ունեն տիտղոսային հովանավորներ, ինչը շատ գովելի է: Կարծում եմ՝ տենդենցը ապագայում էլ զարգացման միտում կունենա ու շատ հովանավորներ կկանգնեն հայկական ֆուտբոլի կողքին:
©2021 Armenian Soccer
Images: FC Alashkert