VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Վանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին:
Խաղի մասին
Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին ոչ միայն հաղթանակի, այլև լավ խաղի համար, շատ լավ հանդիպում անցկացրինք և այն խաղաոճը, որով փորձում ենք խաղալ, այսօր լիարժեք իրագործեցինք ու պահեցինք ամբողջ խաղի ընթացքում։ Այսօր խաղադաշտում էին ամբողջովին տարբեր խաղաոճ ունեցող թիմեր, «Վանն» էլ ունի իր ոճը, քանի որ կարողանում է հաջողության հասնել դրա շնորհիվ, բայց այսօր մենք կարողացանք թելադրել մերը, ինչի համար նույնպես շատ ուրախ եմ։
Փոխարինման մտած ֆուտբոլիստների մասին
Բոլորը լավ խաղացին, թե՛ նրանք ովքեր մտան փոխարինման, թե՛ մեկնարկից խաղացողները։ Խաղադաշտ մտած ֆուտբոլիստներն էլ կարողացան շարունակություն տալ խաղի արագ տեմպին։
Խոշոր հաշիվ գրանցելու մասին
Որքան շատ լինեն խաղում գոլերը, այդքան լավ։ Ուրախ եմ հարձակվողների համար, այսօր կարողացանք հաղթել ավելի շատ գոլով, քան հիմնականում էր լինում։
Թիմերի հնարավորությունների ու եզրափակչին պատրաստության մասին
Կապ չունի՝ ինչ թիմեր կլինեն եզրափակչում, այստեղ հնարավորությունները հավասար են։ Յուրաքանչյուր խաղի պատրաստվում ենք, նաև ըստ մրցակցի, որևէ հատուկ պատրաստություն չի լինելու, այնպես, ինչպես մնացած բոլոր խաղերին։
©2022 Armenian Soccer