Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Արզումանյանն ամփոփում է 2021թ-ը

Robert Arzumanyan

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը տարեվերջին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է անցած՝ 2021թ-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արզումանյանի հարցազրույցի հիմնական կետերը

 

«Ուրարտու-2»-ն ու «Ուրարտուն» գլխավորելու տարբերությունների մասին

2021 թվականի մարտից ես ստանձնեցի «Ուրարտուի» գլխավոր թիմի ղեկը։ Տարբերությունը շատ չէր, հեշտ էր այն առումով, որ նույն ակումբում առաջընթաց ունեցա, շատերին ճանաչում էի, ոմանց հետ էլ անհատապես ծանոթացա թիմը գլխավորելուց հետո։ Դժվարությունն էլ կայանում է նրանում, որ առաջին թիմում ավելի հասուն ֆուտբոլիստներ են և ոչ միայն հայեր, ու նրանց ցանկացած խնդիրը, նաև՝ ֆուտբոլային, տարբերվում է։ Երևի թե այլ դժվարությունների չեմ հանդիպել, սովորական աշխատանքային պրոցես ենք ունեցել։

 

Անցած մրցաշրջանի ու Կոնֆերենցիաների գավաթին մասնակցության մասին

3-րդ հորիզոնականով ավարտեցինք մրցաշրջանը, ինչը թույլ տվեց մեզ մասնակցություն ունենալ եվրագավաթներում։ Իմ կարծիքով՝ դա նորմալ արդյունք է և կախված է նրանից, թե ինչ սպասելիքներ ունեն մարզիչն ու ակումբը։ Անձամբ ես սա մեծ աճ եմ համարում հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների համար։

«Մարիբորի» հետ երկու խաղերը շատ մեծ փորձ և օգուտ եմ համարում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մեզ համար։ Մրցակիցն ուժեղ էր, կարծում եմ՝ հանդես եկանք նորմալ, և սա այն դեպքում, երբ մեր ֆուտբոլիստները եվրագավաթներում հանդես գալու մեծ փորձ չունեին։ Չնայած չկարողացանք գրավել մրցակցի դարպասը՝ բայց հաջող ելույթներ ունեցանք ու մեծ փորձ ձեռք բերեցինք։

 

ԲԿՄԱ-ից թիմ վերադարձած ֆուտբոլիստների մասին

Այս տարի մեզ միացան նախորդ մրցաշրջանը ԲԿՄԱ-ում անցկացրած մեր ֆուտբոլիստները, որոնք, միանշանակ, ուժեղացրին թիմը, իրենց հետ բերեցին թե՛ որակ, թե՛ մրցակցություն։ Բավականաչափ խաղաժամանակ ստացան թիմում ու կարծում եմ՝ սա օգուտ էր ոչ միայն մեր, այլև հենց իրենց համար։ Պետք է այնպես անենք, որ մեր երիտասարդներն էլ ավելի շատ խաղաժամանակ ստանան։

 

Երիտասա՞րդ, թե փորձառու ֆուտբոլիստներ

Ֆուտբոլում պետք է փորձել գտնել բալանսը։ Ունենալով թիմում արդյունք ապահովող բարձրակարգ լեգեներներ՝ մարզիչը չի կարող նրանց թողնել պահեստայինների նստարանին և խաղաժամանակ տրամադրել ոչ փորձառու բայց երիտասարդ ֆուտբոլիստին։ Սա պետք է տրամաբանության ու սահմանների մեջ լինի։ Երիտասարդը պետք է խաղաժամանակ ստանա այն դեպքում, եթե նա բացի երիտասարդ լինելուց նաև մրցունակ է, ուժեղ։ Ամեն խաղի մեր կազմում դուք կտեսնեք 5-6 հայ ֆուտբոլիստի, բայց մենք ունենք ևս 11 լեգեոներ, և պետք է մտածել նրանցից յուրաքանչյուրի մասին, քանի որ բոլորն են ցանկանում խաղալ, իսկ մարզիչը պետք է ընտրի իր համար լավագույն մեկնարկային կազմը ցանկացած խաղի համար։

 

Կազմում փոփոխություններ սպասելու մասին

Բնականաբար, փոփոխություններ սպասվում են, բայց տրանսֆերային պատուհանն էլ պետք է ճիշտ օգտագործել և մեծ սթրեսի չենթարկել թիմը։ Մեր տղաներն արդեն գիտեն՝ ինչի վրա է պետք աշխատել, ու այդ ուղղությամբ մեծ աշխատանք արդեն տարվել է։ Այս երևույթը կրկնակի ճիշտ չէ մեր ակումբի համար, քանի որ «Ուրարտուն» ունի ակադեմիա, և ես կարծում եմ, որ մեզ պետք է դիրքային ուժեղացում, բայց այդ փոփոխությունը չպետք է ստիպի մեզ սպասել մինչև նոր ֆուտբոլիստները կադապտացվեն թիմին։

 

2022-ի նպատակների մասին

Բոլորիս նպատակն ու ցանկությունը այս պահին գավաթի խաղարկությունում հաղթելն է։ Պետք է ընդունենք, որ առաջնությունում չեմպիոնության համար պայքարելը շատ բարդ է ու գրեթե անհնարին, այս պահին նախ պետք է մտածենք 3-րդ հորիզոնականին հասնելու մասին, իսկ թե վերջում ինչ տեսք կունենա մրցաշարային աղյուսակը, ցույց կտա հետագա պայքարը։ Առաջիկա խնդիրը, որը թիմի առջև դրված է, գավաթում հաղթանակն է և առաջնության եռյակում տեղ զբաղեցնելը։ Իսկ որպես անձնական ցանկություն կնշեմ, որ կուզեի՝ թիմը խաղից խաղ մեծ աճ գրանցեր ու այն ֆուտբոլը, որը ես եմ պատկերացնում, կարողանար ավելի կազմակերպված ու լավ խաղալ։

 

©2021 Armenian Soccer