Armenian Soccer
Armenian Soccer

Ջեվան Չելոյանց․ Չի արելի ամեն ինչ վերագրել կորոնավիրուսին

Երևանի  «Ուրարտու» ՖԱ-ի  սեփականատեր Ջևան Չելոյանցը հաճախ չէ, որ ծավալուն հարցազրույցներ է տալիս, բայց այս անգամ նա ակումբի լրատվական ծառայությանը բավականին մեծ հարցազրույց է տվել:  Չելոյանցը ոչ միայն ամփոփել է թիմի ելույթները ու խոսել առաջիկա ծրագերի մասին, այլև անդրադարձել է շատ ու շատ թեմաների, որոնք այժմեական են հայկական ֆուտբոլում․
ՉԻ ԿԱՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԳՐԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ
— Ամեն դեպքում կորոնավիրուսն իր ազդեցությունն ունեցա՞վ ակումբի վրա։
— Կորոնավիրուսն իր ազդեցությունը թողել է ամբողջ աշխարհի վրա, ես դեռ չեմ խոսում ակումբի մասին։ Այո, եղան որոշակի դժվարություններ ֆուտբոլիստների Հայաստանից մեկնելու ու վերադառնալու հետ կապված։ Մարդիկ սկզբում գնացին իրենց երկրներ, հետո մենք դժվարությամբ կարողացանք նրանց հետ բերել Հայաստան։ Ի դեպ այդ հարցում մեզ օգնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց։ Ես չեմ կարծում որ կորոնավիրուսը փչացրել է մեր առաջնությունը։ Դա ճիշտ չէ իմ կարծիքով։ Առաջնությունը փչացրել են այն ժամանակ, երբ որոշել են անցկացնել այն նման ձևաչափով։ Ես ինձ վրա մեղք չեմ վերցնի ասելով սա, որովհետև այն մարդիկ, որոնք որոշել են նման ձևաչափով առաջնություն անցկացնել գիտեին ու հիմա էլ գիտեն իմ կարծիքն այս հարցի շուրջ։ Իմ տեսակետն այդ հարցում չի փոխվել։ Ես կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տրվել։ Չի կարելի ամեն ինչ վերագրել կորոնավիրուսին, այն իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի վրա, թե ինչ հետևանքներ կլինեն, ես դեռ դժվարանում եմ պատասխանել։ Շատերը չգիտեն թե ինչ է սպասվելու ապագայում, բայց կյանքը շարունակվում է, պետք է շարժվել ու ապրել։
— Բայց ֆեդերիացիայից ասում են, որ նման ձևաչափ ընտրելուց առաջ տեղեկացրել են ակումբներին այդ մասին, բայց ակումբներից և ոչ մեկը դեմ չի արտահայտվել ձևաչափին։
— Դա ճիշտ չէ։ Մենք հենց սկզբից էլ դեմ ենք արտահայվել առաջնությունը նման ձևաչափով անցկացնելուն։ Չեմ ուզում ավելի խորը գնալ այդ հարցում, բայց դա այդպես չէ։
— Ձեր վերջին հարցազրույցում ասել էիք, որ պետք է փոխել ֆեդերացիայի կանոնադրությունը: Ի՞նչ նկատի ունեք։
— Ես կարծում եմ, որ ֆեդերացիան պետք է անցկացնի որոշակի լսումներ ֆուտբոլային հանրության հետ, ստանա ինչ-որ առաջարկներ, քննարկի, ինչ-որ բաներ մերժի, ինչ-որ բաներ ընդունի, տա սեփական առաջարկներն ակումբներին, նրանք էլ իրենցը։ Մի խոսքով պետք է աշխատանք իրականացնել։ Իմ կարծիքով պետք է փոխել ֆեդերացիայի կանոնադրությունը։ Ինչո՞ւ։ Որպեսզի առաջին հերթին ֆեդերացիան զբաղվի իր հարցերով, հարկավոր է ստեղծել պրոֆեսիոնալ լիգա, որտեղ կզբաղվեն պրոֆեսիոնալ առաջնություններ կազմակերպելու աշխատանքով։ Դա ամենևին էլ ֆեդերացիայի գործը չէ։ Պրոֆեսիոնալ լիգա ունենալու մասին խոսակցություններ եղել են, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են։
— Իրատեսակա՞ն եք համարում Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ունենալու տեսլականը։ Կարծում եք հայկական ակումբների ղեկավարները հեշտությա՞մբ կհամախմբվեն մի նախաձեռնության շուրջ։
— Իսկ ի՞նչն է կյանքում հեշտ՝ ոչինչ։ Պետք է հաղթահարել այդ դժվարությունները, համաձայնության գալ, հարկավոր է ինչ-որ համակարգ կազմել ու հետագայում գործել այդ օրենքներով։ Եթե ինչ-որ բան տրվում է հեշտությամբ, ապա այն երկար կյանք չի ունենում։ Շատ երկրներում առաջնությունները վերահսկում են Պրոֆեսիոնալ լիգաները։ Պետք է հասկանալ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ֆեդերացիայի գործը մասսայական ֆուտբոլը զարգացնել է, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և տեղի իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ինչ-որ ֆուտբոլային արտոնություններ ստանալը և այդպես շարունակ, իսկ պրոֆեսիոնալ առաջնություն ունենալը դա արդեն լիգայի գործն է։ Այդ փորձը կիրառվում է շատ երկրներում։ Այս հարցում ես ոչ մի հայտնագործություն չեմ անում։
— Մեկ տարի առաջ դուք քննադատում էիք ՀՖՖ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին, բայց ՀՖՖ նախագահական ընտրություններում հենց «Ուրարտուն» առաջադրեց նրա թեկնածությունը։ Միանգամից մի քանի հարց է առաջանում։ Ինչո՞ւ էիք քննադատում այն ժամանակ, ի՞նչը ստիպեց փոխել ձեր կարծիքը և ինչո՞ւ հենց «Ուրարտուն» առաջադրեց Մելիքբեկյանի թեկնածությունը։
— Չգիտես ինչու Հայաստանում շատերը մտածում են, որ եթե ինչ-որ մեկին քննադատում ես, ուրեմն դու արդեն նրա թշնամին ես, նա էլ քոնը։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Եթե մարդը անտարբեր է գործի նկատմամբ, ես նրան երբեք չեմ քննադատի, բայց երբ տեսնում եմ որ մարդ իր պաշտոնի թելադրանքով, իր ցանկությամբ, որը կարևոր է ինձ համար, ուզում է ինչ-որ բան փոխել, բայց իմ կարծիքով ինչ-որ տեղ սխալվում է, ես իհարկե քննադատում եմ։ Ես հիմա էլ քննադատում եմ Մելիքբեկյանին։ Ոչինչ չի նշանակում, որ հենց մենք ենք առաջադրել նրա թեկնածությունը։ ՀՖՖ ընտրությունների ժամանակ ես Հայաստանում չէի, բայց լսելով այն ամենն ինչ զեկուցում էր ինձ ակումբի ղեկավարությունը, տեսնելով այն ամենն ինչ հրապարակվում էր մամուլում ստեղծված իրավիճակի շուրջ, հասկացա, որ մենք բացարձակապես ճիշտ ենք վարվել։ Եթե այդ իրավիճակը կրկնվեր հիմա, մենք նորից նույն կերպ կվարվեինք։ Սա այն դեպքը չէր, որ հայտնի խոսքի նման, երկու չարիքից ընտրում ենք չարյաց փոքրագույնը, ամենևին այդ դեպքը չէր։ Ես կարծում եմ, որ առաջ շարժվելու համար մենք ճիշտ ենք վարվել առաջադրելով Մելիքբեկյանի թեկնածությունը։ Նա դեռ երիտասարդ է, դեռ շատ սխալներ թույլ կտա, բայց բոլորը սովորում են իրենց սխալների վրա։ Քննադատությունը ինչ-որ տեղ առաջընթացի շարժիչն է։ Եթե ուղղակի զազրախոսելու ես կամ շողոքորթելու ինչ-որ մեկին, ապա դա որևէ լավ բանի չի հասցնի։ Այո, ես նախկինում շատ եմ քննադատել Մելիքբեկյանին, հիմա էլ եմ շատ քննադատում, հուսով եմ, որ ապագայում ավելի քիչ կքննադատեմ, որովհետև նա փորձ է հավաքում։ Եթե ես ինչ-որ բան տեսնեմ, անպայման կասեմ նրան այդ մասին։ Ես միշտ տետ-ա-տետ ասում եմ այն, ինչ մտածում եմ այս կամ այն իրողության մասին։ Հարցրեք նրան, նա դա կհաստատի։
— Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում շատ բուռն կերպով քննարվում է երկու թեմա․ լեգեոներների սահմանափակում և Առաջին խմբի առաջնությունում տիրող իրավիճակը, որտեղ շատ ակումբներ անհասկանալի ծագում ունեն ու շատ հանդիպումների ելքերը կասկածի տակ են։
— Պայմանավորված խաղերը մահացու վտանգավոր են, անգամ այդ բառը թույլ է նման իրավիճակը բնութագրելու համար, հատկապես այն պարագայում, երբ դա տեղի է ունենում մի առաջնությունում, որտեղ մեծ թվով երիտասարդներ են խաղում։ Անկեղծ կասեմ, որ ես տեղյակ չեմ այդ գործընթացներից, չնայած ակումբի գլխավոր տնօրենը ինձ ասել է, որ գործկոմի վերջին նիստում այդ կապակցությամբ ինչ-որ որոշումներ են կայացվել։ Պայմանավորված խաղերը վիրուսի նման են ու եթե դա պատահում է երիտասարդ ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղերում, ապա դա կարող է բացասական մեծ ազդեցություն թողնել։ Ես կարծում եմ, որ ֆեդերացիան պետք է մաքրի այդ ամենը։ Հենց այստեղ միանգամից ի հայտ է գալիս Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը։ Պետք է լինեն համապատասխան չափորոշիչներ ինչպես Բարձրագույն խմբում, այնպես էլ Առաջին խմբի առաջնությունում։ Հարկավոր է հասկանալ դա։ Ինչ վերաբերվում է լեգեոներների սահմանափակմանը, ապա առաջին հայացքից թվում է, որ մեր ակումբը, որը բոլորից շատ է ֆուտբոլիստներ պատրաստում, մատակարարում բոլոր տարիքային հավաքականներին, պետք է որ տրամաբանորեն կողմ լինի սահմանափակման կիրառմանը։ Բայց լիմիտն ինքնին նշանակում է, որ առաջընթաց չկա։ Կան ինչ-որ ժամանակավոր բաներ, բայց առաջընթաց չկա։ Եթե մենք խոսում ենք գլոբալ երևույթներից ապա մեր ակումբի համար լեգեոներների սահմանափակումը ամենաձեռնտուն է, բայց ես իմ հոգու խորքում դեմ եմ դրան։
ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների՝ նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ, «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

©2020 Armenian Soccer