Armenian Soccer
Armenian Soccer

Պավել Օվչիննիկով. ««Նոայում» շատ մտերմիկ են հարաբերությունները»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» այս ամռանը պայմանագիր կնքեց ռուսական «Վելեսի» արդեն նախկին դարպասապահ Պավել Օվչիննիկովի հետ: Ֆուտբոլիստը Երևանում է շուրջ 1,5 ամիս, հասցրել է ծանոթանալ թե՛ թիմին ու թե՛ քաղաքին: Արդեն իսկ ձևավորված տպավորությունների ու ակնկալիքների, ֆուտբոլային անցած ճանապարհի ու ապագայի վերաբերյալ պատկերացումների մասին Օվչիննիկովի հետ զրուցել է ակումբի մամուլի ծառայությունը:

— Պավել, դու ծնունդով Մոսկվայից ես, «ԲԿՄԱ»-ի ակադեմիայի սան, կպատմե՞ս, թե ինչպես հայտնվեցիք Հայաստանում, «Նոա» ակումբում:

— Նախորդ մրցաշրջանում հանդես եմ եկել Ռուսաստանի ՖՆԼ-ի «Վելես» ակումբում: Պայմանագիրս ավարտվեց, սպասում էի երկարացման, բայց փոխվեց ակումբի ղեկավարությունը ու պարզվեց, որ ինձ հետ նոր պայմանագիր ստորագրել չեն ցանկանում: Մտածեցի Եվրոպա տեղափոխվելու մասին, փաստաթղթերս կարգի բերեցի ու ստացա վիզա, բայց այդ ժամանակ առաջարկ ստացա «Նոա» ակումբից: Ծանրութեթև արեցի, առաջարկն ինձ թվաց հետաքրքիր և շահավետ: Մեն ինչ դուր է գալիս էստեղ, հոյակապ քաղաք, հյուրընկալ մարդիկ…առայժմ միայն դրական զգացմունքներ:

— Հետաքրքիր է՝ ինչպե՞ս դարձար դարպասապահ, այլ ոչ, ասենք, հարձակվող կամ կիսապաշտպան: Որևէ դեր խաղա՞ց այդտեղ նախկինում հայտնի դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովը: Նաև հետաքրքիր է իմանալ՝ ներկայում հանդես եկող դարպասապահներից ո՞վ է, ըստ քեզ, ամենաուժեղը, և ինչու՞:

— Դարպասապահ եմ դարձել 10-11 տարեկանում, իսկ մինչ այդ, բոլոր տղաների նման, ես էլ երազում էի հարձակվող լինել, գոլեր խփել, փոխանցումներ կատարել: Հասակակիցներիս համեմատ բավական բարձրահասակ էի, մի անգամ թեստեր էինք հանձնում՝ ես բոլորից բարձր ու երկար էի ցատկում, և ինձ առաջարկեցին կանգնել դարպասին: Անկեղծ ասած, առաջին տարին դա ինձ ընդհանրապես դուր չէր գալիս, զգում էի՝ դա իմ գործը չէ, հետո աստիճանաբար ներքաշվեցի ու սկսեցի սիրել…

Սերգեյ Օվչիննիկովի հետ, բացի ընդհանուր ազգանունից, ինձ կապում է մեկ տարվա աշխատանք ԲԿՄԱ-ում, երբ նա մարզում էր թիմը: Լավ հարաբերություններ եմ պահպանում իր հետ, երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ ինքը ինձ տվեց: Ինչ վերաբերում է հիմա հանդես եկող դարպասապահներին, ապա շատ եմ հավանում Տեր Շտեգենի և Նոյերի խաղը՝ գերմանական դպրոցը, նաև բրազիլական դպրոցն է հիմա ուժեղ՝ Էդերսոսի և  Ալիսոնի: Հատկապես դուր է գալիս Էդերսոնի ոտքով խաղը, փորձում եմ լավագույն պահերը վերցնել ու կիրառել իմ խաղում…

— Ջիանլուիջի Բուֆոնը մի առիթով ասել էր, թե լավագույն դարպասապահը պետք է լինի «մազոխիստ և եսակենտրոն»: Համաձա՞յն ես, և ի՞նչ այլ հատկանիշներ պետք է ունենա լավագույն դարպասապահը: Որո՞նք են քո ուժեղ կողմերը:

— Իմ կարծիքով, դարպասապահի գործը երկու բաղկացուցիչ ունի՝ հոգեբանություն և ֆիզիկական տվյալներ, կարողություններ: Հոգեբանությունը մեր գործի կեսն է. դարպասապահը պետք է հանգիստ, ինքնավստահ, որևէ կողմնակի բաների մասին չպետք է մտածի խաղի ժամանակ…Ինչ վերաբերում է ֆիզիկականին՝ հիանալի ռեակցիա և լավ ցատկ, կարևոր է նաև կարողանալ կարդալ խաղը, մնալ կենտրոնացած՝ նույնիսկ երբ գնդակը հակառակորդի դաշտում է: Մշտապես փորձում եմ լավ մարզավիճակում լինել. հիմա դարպասապահին ներկայացվող պահանջները ավելացել են՝ ոչ միայն դարպասը անառիկ պահես, բայց նաև օգնես թիմակիցներից դուրս գալ պաշտպանությունից…

— Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ «Նոաում» ես: Ինչպե՞ս ես գնահատում նոր թիմդ, ակումբում տիրող մթնոլորտը:

— Միանգամից նկատվեց, որ շատ մտերմիկ հարաբերություններ են թիմում, այսպես ասած՝ «ծերուկները» օգնում են սահուն կերպով ադապտացվել, կազմակերպում են տարբեր տեսակի հանդիպումներ, միջոցառումներ, բոլորը շփվում են հարազատի նման: Դուր է գալիս այն, որ թիմում շատ են անգլիախոս ֆուտբոլիստները, ինքս էլ տիրապետում եմ անգլերենին և շփվում տղաների հետ, ծանոթանում տարբեր մշակույթներին…

Pavel Ovchinnikov

— Ինչպե՞ս ես պատրաստվում հանդիպումներին, ի՞նչն է ձեզ վստահություն ներշնչում: Նաև՝ ինչպե՞ս ես կարողանում վերականգնվել ծանր խաղերից, օրինակ՝ «ԿուՊՍ»-ի հետ եվրագավաթային խաղից հետո:

— Թիմում ստեղծված են բոլոր պայմանները արագ վերականգնվելու համար՝ մերսում, «սառցե տակառ», լողավազան…նաև տանը ունեմ տարբեր սարքեր, այնպես որ, փորձում եմ հնարավորինս արագ վերականգնվել ծանր խաղերից հետո և պատրաստվել մարզումներին, խաղերին: Ինչ վերաբերում է հոգեբանորեն վերականգնվելուն, ապա բոլորը հասկանում են՝ մրցակիցը լավ մարզավիճակում էր, խաղում էր առաջնությունում: Առաջին խաղում հաղթեցին, պատասխան մրցավեճում՝ բացասական արդյունք, բայց չպետք է սևեռվենք դրա վրա, պետք է առաջ նայենք՝ առջևում մի ամբողջ մրցաշրջան ունենք, պետք է շարունակենք աշխատել և ապացուցենք՝ ով ենք մենք և ինչի ենք ունակ:

— «Նոայի» երիտասարդացման մասին է հիմա շատ խոսվում: Ինքդ ինչպես ես դրան նայում:

— Կարծում եմ, յուրաքանչյուր խաղում պետք է ձգտենք հաղթել, մեզանից է կախված լավ արդյունքը: Լավ թիմ է հավաքվել, լավ կատարողներով ամեն դիրքում, և՛ փորձառու ֆուտբոլիստներ, և երիտասարդ տաղանդավոր տղաներ: Պարզապես պետք է մարզվենք, շատ աշխատենք, մարզչական կազմն էլ, իր հերթին ամեն ինչ անում է, որ մենք լիարժեք մարզավիճակ ձեռք բերենք, ավելացնենք փոխգործակցությունը և կարողանանք թիմային խաղ ցույց տալ: Ճիշտ մոտեցման դեպքում, վստահաբար, կհաջողենք: Նաև նախկին իմ փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է համագործակցել ավելի փորձառու թիմակիցների հետ, անընդհատ սովորել ու փորձ հավաքել: Ինձ կյանքում մեծ դեր խաղաց Իգոր Ակինֆեևը, որի հետ և որի կողքին մեկ տարի բախտ եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին: Ամենակարևորն այստեղ այն է, որ մարզումների ժամանակ լավ մթնոլորտ լինի, երբ բոլորը իրար հարգում են, սատարում  և օգնում ավելի լավը դառնալ: Միայն այդպես կարելի է հասնել հաջողության հասնել:

— Եվ վերջում, ի՞նչ անձնական նպատակների ունես, թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ:

— Այս մրցաշրջանը վստահ, կլինեմ «Նոայում», ամբողջությամբ ինձ կտամ մարզումներին, խաղերին, կփորձեմ ապացուցել ֆուտբոլային մարդկանց և առաջին հերթին ինձ՝ ինչի եմ ես արժանի: Իմ առջև ամենաբարձր խնդիրներ եմ դնում՝ ցուցադրել ամենը, ինչին ունակ եմ, նաև՝ նոր բան սովորել, քանի որ ես դեռ ֆուտբոլի չափանիշներով երիտասարդ դարպասապահ եմ: Հուսամ՝ ամեն ինչ կստացվի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, ապա, անկեղծ ասած, կուզենայի ինձ փորձել Եվրոպայում: Այս մրցաշրջանից առաջ նման որոշում կայացրել էի՝ չկենտրոնանալ միայն Ռուսաստանի վրա: Դա կախված կլինի ինձանից, թեև բախտի գործոնն էլ կարող է դեր խաղալ: Լավագույնը դա կլինի, իհարկե, յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ ձգտում է հանդես գալ ֆուտբոլային թոփ լիգաներում: Պետք է ձգտել, աշխատել, հասնել արդյունքի՝ միայն առաջ…

 

©2021 Armenian Soccer