Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Բրատիսլավայի «Սլովանի» հետ:
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Սլովակիայի 11-ակի չեմպիոնի պաշտոնական կայքը՝ նշելով, որ Բարսեղյանը միանգամից մի քանի տարբեր դիրքերում կարող է հանդես գալ, ունի հրաշալի որակներ:
Ակումբից խոստովանել են, որ առաջին անգամը չէ, ինչ հետաքրքրված էին Բարսեղյանի ծառայություններով: «Մենք վաղուց ենք հետևում Տիգրան Բարսեղյանի կարիերային ու ծանոթ ենք նրան: Դեռ մի քանի տարի առաջ մենք մեծ ցանկություն ունեինք՝ նրան մեր կազմում տեսնելու, սակայն այն փուլում մենք չհամապատասխանեցինք Տիգրանի սպորտային ու ֆինանսական պահանջներին: Այժմ մենք մեծ հույսեր ենք կապում Տիգրանի հետ ու մաղթում լավագույնը՝ մեր ակումբի կազմում: Ես վստահ եմ, որ երկրպագուները նրան շատ կսիրեն, իսկ նա էլ շատ շուտով կուրախացնի տրիբունաներում գտնվող մեր երկրպագուներին»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ-կրտսերը:
Պայմանագիրը կնքվել է 3 տարով ու ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարից:
©2021 Armenian Soccer