Փաստացի ստացվում է, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրի հուլիսի 7-ին Երևանում «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպմանը (1:5) «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին իրազեկել վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունը:
Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։
Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։
Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար։
©2020 Armenian Soccer