ՀՀ 1-ին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղային վերջին օրը «Ուրարտու-2»-ն իր հարկի տակ Երևանում հյուրնկալել էր ՀՀ Պրեմիեր լիգայի ուղեգրի գլխավոր հավակնորդներից մեկին՝ «Վեստ Արմենիային»։
Հանդիպման մեկնարկում հյուրերը կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Խորքից հետևած փոխանցումից հետո «Ուրարտու-2»-ի տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, առաջինը կողմնորոշվեց Կարապետ Մանուկյանն ու բացեց հանդիպման հաշիվը՝ 0:1։ 1-ին խաղակեսում «Ուրարտու-2»-ի կազմում աչքի ընկնելու ռեալ հնարավորությունն ունեցավ Ռուբեն Եսայանը, սակայն, հայտնվելով անչափ նպաստավոր դիրքում, Եսայանը հապաղեց ու կորցրեց գնդակը։ Թիմերը գնացին ընդմիջման «Վեստ Արմենիայի» նվազագույն հաշվով առավելության պայմաններում։
2-րդ կեսում «Ուրարտու-2»-ը միանգամայն այլ ֆուտբոլ ցուցադրեց։ Միանգամից 3 փոփոխություն տեղի ունեցավ։ Խաղադաշտ մտան Էրիկ Սիմոնյանը, Ռոբերտ Բաղրամյանն ու Աբրահամ Պորտուգալյանը։ Տևական դադարից հետո Էրիկ Սիմոնյանն առաջին անգամ խաղաժամանակ ստացավ, իսկ Աբրահամ Պորտուգալյանն ու Ռոբերտ Բաղրամյանը զգալիորեն ուժեղացրին թիմի հարձակողական ներուժը։ 74-րդ րոպեին հյուրերը հակագրոհի լավ հնարավորություն ունեցան, միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվեց տուգանային հրապարակում, բայց Գրիգորի Մաթևոսյանը սառնասրտորեն դիմակայեց մինչև վերջ և չեզոքացրեց դրությունը:
Հանդիպման վերջնամասը իրապես թրիլերային սցենար ունեցավ։ Բավականին ակտիվ մտավ խաղի մեջ «Ուրարտու-2»-ի գաղտնի զենքը՝ Արայիկ Էլոյանը։ Հենց նա էլ 90-րդ րոպեին հայտնվեց անչափ նպաստավոր դիրքում, սակայն հարվածեց դարպասաձողին, ի ուրախություն «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների գնդակին առաջինը հասավ Ռաֆայել Մովսիսյանը և հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Քիչ անց հարվածային դիրքում դարձյալ Արայիկ Էլոյանը հայտնվեց ու այս անգամ նա չվրիպեց՝ 2:1։ Թվում էր, թե այլ իրադարձություններ այս խաղում չեն զարգանա, բայց հյուրերին հաջողվեց պատասխան գոլը խփել։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Սերգեյ Օրլովը՝ 2:2։ Հանդիպումը հենց այդպես էլ ավարտվեց, իսկ խաղի ավարտից հետո Էրիկ Սիմոնյանը անհամաձայնություն հայտնելով մրցավարական որոշումների հետ՝ 2-րդ անգամ զգուշացվեց և ստացավ կարմիր քարտ:
Այս հանդիպման ավարտից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 29 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 26-ին հյուրընկալվելով «Արարատ-Արմենիա-2»-ին։ Այդ հանդիպումը կկայանա Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 15։00-ին։
©2021 Armenian Soccer