Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» հաղթեց ՀՀառաջնության միանձնյա առաջատար «Արարատին»

VBET ՀՀ  պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ Ջոնել Դեսիրեի խփած միակ  գոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ առաջանության «Արարատի» նկատմամբ։

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության միջազգային օրը «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատարին՝ Երևանի «Արարատին»։ Այս խաղին թիմերը մոտեցել էին գավաթային հանդիպումներից հետո։ «Արարատը» 5-1 հաշվով հաղթել էր «Վեստ Արմենիային» ու հաջորդ փուլի ուղեգիր վաստակել, իսկ «Ուրարտուն» ոչ-ոքի` 2:2 էր խաղացել «Նոայի» հետ ու ավարտել ելույթները գավաթի խաղարկությունում։

Այս խաղը հոբելյանական էր «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի համար, քանի որ վերջինս անցկացնում էր իր 150-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Խաղից առաջ թիմի երկարամյա ավագ ու դարպասապահ Ստեփան Ղազարյանն այդ առթիվ խորհրդանշական նվեր հանձնեց Բեգլարյանին։

Առաջին կեսը անցավ հավասար պայքարում։ Վտանգավոր պահերը միմյանց դարպասների մոտ քիչ էին ու երկու թիմերի դարպասապահներն էլ, մեծ հաշվով, անգործ էին։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները գոլ խփեցին։ Տևական դադարից հետո վերջապես գոլ խփեց առաջնության լավագույն ռմբարկուն՝ Ջոնել Դեսիրեն։

Խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները բավականին վստահ տեսք ունեին ու, չնայած «Արարատի» գործադրած ճնշմանը, կարողացան դիմակայել ու արժանիորեն երեք միավոր վաստակեցին։ Այս խաղից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 21 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 14-ին։ Արտագնա խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Ալաշկերտին», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 16։30-ին։

Իսկ   «Արարատը»  չնայած նվազագույն`0:1 հաշվով կրած պարտությանը  առայժմ պահպանեց առաջնության միանձնյա առաջատարի դերը:

©2021 Armenian Soccer