Armenian Soccer
Armenian Soccer

Ու՞մ բաժին կհասնի ՀՀ գագաթի 29-րդ խաղարկության գլխավոր մրցանակը

Այսօր`մայիսի 15-ին ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 29-րդ խաղարկության եզրափակչի` «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը:

Նկատենք, որ այս երկու թիմերը ընթացիկ մրցաշրջանում վստահորեն պայքարում են նաև ՀՀ չեմպիոնի տիտղոսի համար:

Վարդան Բիչախչյանի գլխավորած «Արարատը» մինչ այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեջ 7 անգամ հանդես է եկել եզրափակչում, ու 5 անգամ կարողացել է նվաճել պատվավոր մրցանակը: Սա արարատցիների գավաթը նվաճելու 8-րդ փորձն է: «Արարատը» վերջին անգամ ՀՀ գավաթակրի կոչման արժանացել է 13 տարի առաջ`2008թ․, երբ Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած եզրափակչի խաղում դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության է մատնել Երևանի «Բանանցին»:

Ինչ վերաբերվում է Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Երևանի «Ալաշկերտին», ապա վերջինս ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչում խաղալու իրավունք է ստացել 3-րդ անգամ: 2017թ․ եզրափակչում 1:1 հաշվով ավարտված խաղում հետխաղյա 11 մետրանոցների հարվածներից հետո Խաշմանյանի սաները 3:4 հաշվով տանուլ են տվել Կապանի «Գանձասարին» ու նրան է զիջել պատվավոր մրցանակը: Իսկ արդեն 2019թ եզրափակչում 1:0 հաշվով առավելության է հասել Վանաձորի «Լոռու» նկատմամբ ու իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է ՀՀ գավաթակիր:

Ինչպես իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, այսօր ֆուտբոլասերներին մարզադաշտում VBET ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սպասում են բազաթիվ հաճելի անակնկալներ:

Հավելենք, որ VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Ալաշկերտի» և «Արարատի» միջև տեղի ունենալիք այսօրվա խաղը սպասարկելու է Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազմը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ` Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։

©2021 Armenian Soccer