Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջեց «Շերիֆին»:
Չնայած առաջին խաղակեսում դրսևորած ակտիվությանն ու ստեղծած պահերին՝ Ալեքսանդր Գրիգորյանի սաներն այդպես էլ հաջողության չհասան, իսկ արդեն երկրորդ խաղակեսում ակտիվացան հյուրերը՝ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ խփելով հանդիպման միակ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Էնրիկե Լուվանորը՝ 0:1:
Հետաքրքիր է, որ «Ալաշկերտը»՝ ինչպես հայկական մյուս ակումբները, որ հանդիպել են Մոլդովայի չեմպիոնին, այդպես էլ գոլի հեղինակ չի դարձել: Մնում է հուսալ, որ Տիրասպոլում կայանալիք խաղում այդ «արգելքը» կհաղթահարվի:
Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի է ունենալ Տիրասպոլում՝ հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:
©2021 Armenian Soccer