Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» «համատեղ նավարկություն» է սկսում «Վիլյառեալի» հետ

Նոա Վիլյառեալ

 

Այսօր ` նոյեմբերի 11-ին, «Նոայի» գրասենյակում կայացավ երևանյան ակումբի և «Վիլյառեալի» ներկայացուցիչների համատեղ ասուլիսը։

 

Դեռ մեկ ամիս առաջ «Նոան» հայատարարել էր իսպանական ակումբի հետ համագործակցության մասին, իսկ այսօր ներկայացվեցին «համատեղ նավարկության» մանրամասները։

 

Ասուլիսին ներկա էին «Նոա» Հոլդինգի նախագահ Ռոման Գևորկյանը, «Վիլյառեալի» ինստիտուցիոնալ կապերի տնօրեն Մարկոս Սեննան և «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

 

Ռոման Գևորկյանի խոսքով, «Վիլյառեալի» ներկայացուցիչներն օգտակար կլինեն ակումբին, կնպաստեն հայկական ակումբի ու ֆուտբոլի զարգացմանը:

 

«Մենք «Վիլյառեալի» հետ սկսում ենք համագործակցություն։ Կփորձենք օգտագործել այդ ակումբի փորձն ու մեթոդաբանությունը։ Հուսով ենք, որ մեր միջև այս համագործակցությունը շատ բեղմնավոր կլինի»։

 

Մարկոս Սեննան նախ վերհիշեց իր հուշերը կապված Հայաստանի հավաքականի դեմ անցկացրած խաղի հետ (խմբ. որտեղ իր գոլի շնորհիվ իսպանացիները հաղթել էին 2:1 հաշվով), ապա անդրադարձավ «Նոայի» հետ համագործակցությանը։

 

«Մենք արդեն գրեթե ավարտին ենք հասցնում ակադեմիայի շուրջ մեր պայմանագիրն ու պայմանավորվածությունը: Վստահ եմ, որ համագործակցությունը շատ լավ կստացվի ու լավ արդյունքներ կգրանցենք: Մնում է միայն ստորագրությունը դնել պայմանագրի տակ ու վերջ»:

 

Արթուր Սահակյանի փոխանցմամբ, իսպանացի գործընկերները որոշ ժամանակ անցկացնելու են Հայաստանում, շրջելու են ակումբի ակադեմիայում և ծանոթանալու են առանձին ենթակառուցվածքների հետ։

Ակումբի տնօրենի խոսքով, պայմանագիրը ներառում է փորձի փոխանակում, որը նախատեսված է լինելու ինչպես մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների համար, այնպես էլ նրանց մարզիչների։

 

««Վիլյառեալը» միջազգային ասպարեզում բավականին մեծ աշխատանք է կատարում. համագործակցում է գրեթե 30 տարբեր երկրների ակադեմիաների հետ, ինչը շատ հաջող է ստացվում:

Մենք չենք ցանկանում միայն նմանվել «Վիլյառեալին», այլ ուզում ենք նրանց օգնությամբ կատարելագործել մեր առավելությունները և ստեղծել «Նոա» ֆուտբոլային ակումբի փիլիսոփայությունը»:

 

Հավելենք, որ ըստ ներկայացուցիչների հավաստման, համագործակցությունը նախատեսվում է 3 տարի ժամկետով։

 

©2022 Armenian Soccer