Armenian Soccer
Armenian Soccer

Յուսուֆ Օտուբանջո. «Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալը կարևոր քայլ էր կարիերայիս համար»

Յուսուֆ Օտուբանջոն Omasports.com կայքին տված հարցազրույցում խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան սկսելու դժվարությունների, Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալու և այլ տարբեր թեմաների մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցում հնչեցրած ամենահետաքրքիր պատմություններն ու մտքերը:
Ծանոթացեք ֆուտբոլիստի անցած ճանապարհին՝ մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերաս սկսել եմ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Իմ պատմությունը շատ երկար է, բայց կարճ կասեմ, թե ինչպես ամեն ինչ սկսվեց ՝ 2009 թվականին՝ ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների Աշխարհի Գավաթի խաղարկության ավարտից մի քանի ամիս անց, Նիգերիայից որոշ մասնագետներ սկսեցին համագործակցել Գանայի գործակալների հետ՝ Եվրոպայից ֆուտբոլային գործակալների հրավիրելու ծրագրով: Նրանք ճամբար բացեցին Գանայում: 2010 թվականի սկզբերն էր, Նիգերիայում շատ ծանր դրություն էր, և նրանք վախեցան մեր երկրում գործունեություն ծավալել, ուստի Նիգերիայից որոշ ֆուտբոլիստներ միացան այդ ճամբարին Գանայում, որոնցից մեկն էլ ես էի:
Իսկապես լավ ժամանակ էր, մենք շատ լավ մարզավիճակում էինք գտնվում մինչև 17 տարեկանների մրցաշարից հետո և փորձում էինք պայքարել լավ տպավորություն թողնելու համար:
Մարզումներից հետո մենք վերադարձանք Նիգերիա՝ սպասելով եվրոպացի գործակալների արձագանքներին: Մի քանի ամիս անց ինձ ասացին, որ երկու թիմեր հետաքրքրված են ինձնով ՝ ֆրանսիական «Մոնակոն» և իսպանական «Ատլետիկոն»: Բայց ինչպես գիտեք, նիգերիացիների համար գումարն առաջնայինն է, «Ատլետիկոն» բնականաբար ավելի մեծ գումար էր առաջարկում, և իմ գործակալները ընտրեցին հենց այդ թիմն ինձ համար: Իսկ ես այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, ուղղակի սպասում էի թե երբ է գալու ժամանակը, որ արագ իրերս հավաքեմ և մեկնեմ պրոֆեսիոնալ կարիերաս սկսելու:
Բանակցությունները շատ լավ անցան «Ատլետիկոյի» հետ և նրանք սկսեցին վիզայի գործընթացով զբաղվել՝ մեկ ամբողջ տարի ես դիմում էի վիզա ստանալու համար, բայց միայն մերժումներ էի ստանում:
Բոլոր պայմանագրերն արդեն ստորագրված էր մադրիդյան թիմի հետ, երբ 2011 թվականին ես վերջապես վիզա ստացա, և մի քանի օր անց ժամանեցի Մադրիդ: Բայց այնպես ստացվեց, որ ես ուշացա, և երկրորդ թիմում խաղալու փոխարեն ես հանդես եկա ակումբի երրորդ թիմում: Բայց դա հիանալի փորձ էր, քանի որ ամիսը մեկ անգամ մարզվում էինք հիմնական թիմի հետ:
Առաջին մարդը, ում ես հանդիպեցի՝ Անտոնիո Ռեյեսն էր, և իմ առաջին նկարն ակումբում Սերխիո Ագուերոյի հետ էր: Այստեղ հանդիպեցի նաև Թոմաս Պարտեյին՝ ում հետ լավ ընկերներ ենք:
Պատկերացրեք ինչպիսի զգացողություններ էի ապրում, երբ մարզվում էի այնպիսի մարդկանց հետ, ումով միշտ հիացել եմ նախկինում՝ Դե Խեան, Ագուերոն, Ֆալկաոն, Տիագոն, Դիեգոն և այլն:
«Ատլետիկոյում» հանդես գալը կարևոր քայլ էր կարիերայիս համար:
Հետո ես մեկնեցի Ֆրանսիա՝ «Ստրասբուրգ» ֆուտբոլային ակումբում փորձաշրջան անցնելու: Բայց Ֆրանսիայում թիմ գտնելու ջանքերն ապարդյուն անցան:
Որոշ ժամանակ անց ավստրիական ակումբ տեղափոխվելու առաջարկ ստացա: 2012-ի նոյեմբերի 5-ին ժամանեցի Ավստրիա՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգում» հանդես գալու: Այստեղ նույնպես մի փոքր ուշացա, և նրանք արդեն ձմեռային դադարի էին գնում:
Ես միացա «Ռեդ Բուլ Զալցբուրգին» 2012-ի վերջին և սկսեցի վարձավճարով հանդես գալ «Լինց» ակումբի երրորդ թիմում: Այնտեղ կար կանոն, որ լիգայում միայն երեք արտասահմանցի էր թույլատրվում խաղալ, և որպես հետևանք, ես շատ խաղաժամանկ չստացա թիմի կազմում, բայց մենք կարողացանք թիմի հետ նվաճել Ավստրիայի գավաթը 2013 թվականին: Լավ ժամանակներ էր:
2016 թվականի հունիսին ամուսնացա, և հենց այդ ժամանակ Սլովակիայի «Ժիլինա» ակումբին միանալու առաջարկ ստացա: «Ժիլինան» ինձ համար հիանալի ընտրություն էր, գրեթե ամեն խաղում գոլ էի խփում, մինչև վնասվածք ստացա: Որոշ դադարից հետո, կրկին վերադարձա մարզադաշտ և մենք չեմպիոն դարձանք: Հիանալի ժամանակն էր թե՛ թիմի, և թե՛ ֆուտբոլիստների համար, մենք մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք Չեմպիոնների Լիգայի որակավորամն փուլերին:
2018 թվականին երեք տարվա պայմանագիր կնքեցի ավստրիական «ԼԱՍԿ» ակումբի հետ: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո թիմում մարզչական փոփոխություններ եղան և որոշ դժվարություններ առաջացան, որից հետո ես որոշեցի տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ:
Կյանքը ճանապարհորդություն է, և այդ ճանապարհորդության ընթացքում դուք անցնում եք Նիգերիայի ճանապարհների նման քարուքանդ ճանապարհներով (ծիծաղում է), բայց դուք պետք է շարունակեք անցնել այն գլուխը բարձր պահած: Ես ուրախ եմ, որ դեռ հնարավորություն ունեմ գրելու իմ պատմությունը և կատարելագործելու կարիերաս: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ, և իմ կնոջը, ով ինձ համար իսկական հենարան է եղել այս ճանապարհին:

©2020 Armenian Soccer