Armenian Soccer
Armenian Soccer

Մորի Կոնեի գոլը՝ 2րդ շրջանի հաղթող

Mory Kone Mory Kone

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի 2-րդ շրջանը, որ առանց այդ էլ բաժանվել էր 2019 ու 2020 թվականների միջև, շատ ավելի երկար ձգվեց աշխարհը պատուհասած COVID19-ի պատճառով: Դա էլ, իր հերթին, ձգձգեց Armenian Soccer կայքի սահմանած՝ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 2-րդ շրջանի լավագույն գոլի ընտրությունը:
Սակայն ֆուտբոլն արդեն վերադարձել է հայաստանյան մարզադաշտեր, իր ակտիվ հունով ընթանում է առաջնությունը մրցանակային և անցումային փուլերի խմբերում, իսկ մենք էլ մեր գործընկերների՝ ակումբների ու ԶԼՄ-ների  ներկայացուցիչների, ինչպես նաև Armenian Soccer կայքի փորձագետների քվեարկության շնորհիվ արդեն ունենք 2-րդ շրջանի հաղթող գոլը:
«Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 2-րդ շրջանի լավագույն գոլ է ճանաչվել 16-րդ տուրում «Շիրակի» ֆուտբոլիստ Մորի Կոնեի գոլը «Նոայի» դարպասին (48 միավոր):
2-րդ հորիզոնականը առաջին անգամ մեր քվեարկության պատմության ընթացքում զբաղեցնում է հաղթող ճանաչված ֆուտբոլիստի մեկ այլ գոլ: Այս անգամ 47 միավոր Մորի Կոնեն վաստակել է 11-րդ տուրում «Արարատի» դարպասին խփված գոլով: Երրորդը 17-րդ տուրում փյունիկցի Արաս Օզբիլիսի գնդակն է «Նոայի» դարպասին՝ 35 միավորով:
Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 2-րդ շրջանը կներկայացվի Մորի Կոնեն: Այս պահին նրա միակ մրցակիցը 1-ին շրջանի հաղթող Դավիթ Մինասյանի գոլն է «Արարատ-Արմենիայի» դարպասին:
Առաջնության ընթացիկ հատվածի ավարտից հետո կորոշվի Կոնեի ու Մինասյանի վերջին մրցակիցը:
Հիշեցնենք, որ ԲԽ առաջնության «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում մրցույթի քվեարկությունը անցկացվում է 2-րդ անգամ: Նախորդ մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել Ալեքսանդր Պրուդնիկովի խփած գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին:

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով

©2020 Armenian Soccer (Edgar Petrosyan)

Photo: SC Shirak