Armenian Soccer
Armenian Soccer

Մշուշոտ հեռանկարներ․ ի՞նչ է սպասում «Արարատ-Արմենիային» Բայդաչնու գլխավորությամբ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանում լուրջ խնդիրների է բախվում։ Ու թեև թիմը չեմպիոնական մրցավազքում է, բայց ակումբի ներկայիս արդյունքները դժվար թե բավարարեն ղեկավարության ամբիցիաները։

Մարտի սկզբին «Արարատ-Արմենիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիային։ Մի կարճ ժամանակահատված թիմը գլխավորեց Արմեն Ադամյանը, իսկ հետո ղեկը վստահվեց ռուս Անատոլի Բայդաչնուն։ Որոշման իրավացիության մասին կարելի է խոսել միայն մրցաշրջանի ավարտից հետո, սակայն առաջին երկու հանդիպումները նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ խորացրին կասկածները, որ Բայդաչնու գլխավորությամբ «Արարատ-Արմենիայի» խնդիրները չեն լուծվի: Այս պահին «Արարատ-Արմենիան» ընդամենը երեք միավորով է հետ մնում առաջատար «Արարատից», բայց հարցն ամենևին էլ մրցաշարային աղյուսակի դիրքը չէ։

Anatoly Baidachniy

Դավիդ Կամպանիայի նշանակումը լուրջ մտահոգությունների տեղ էր տալիս. Կամպանիան «Լոռին» գլխավորելու կես տարվա ընթացքում չէր թողել այնպիսի մասնագետի տպավորությունը, որը կարող է բավարարել «Արարատ-Արմենիայի» պես ակումբի հավակնությունները։ «Լոռին» իսպանացու գլխավորությամբ վատ չէր նայվում, ուներ իր ուրույն խաղային ձեռագիրը, բայց չեմպիոնական թիմը նրան վստահելը, այն էլ Վարդան Մինասյանից հետո, ռիսկային մտահղացում էր թվում։ Մրցաշրջանի ընթացքը հաստատեց այդ մտահոգությունները, սակայն նրան փոխարինելը մոտ 8 տարի մարզչական պարապուրդի մատնված մասնագետով ավելի կասկածելի նախաձեռնություն է թվում:

Այո, Կամպանիան չկարողացավ անել այն, ինչ իրենից պահանջվում էր մրցաշրջանի սկզբում: Եվրագավաթի խմբային փուլն անցավ թիմի կողքով, բայց դա կարելի էր հասկանալ. նոր մարզիչը չէր հասցրել իր պահանջները հասցնել թիմին կարճ միջմրցաշրջանում: «Արարատ-Արմենիան» անկայուն խաղ ցուցադրեց եվրագավաթներում, բայց պայքարեց մինչև վերջ: Սակայն թիմը Վարդան Մինասյանի հեռանալուց հետո կես տարում խաղային էական աճ չգրանցեց, չդարձավ դոմինանտ, ավելին, «Արարատն» ու «Ալաշկերտը» ավելի լավ էին նայվում աշնանային հատվածում, իսկ գարնանային հատվածի մեկնարկն ավելի անհաջող էր: Բայց, մյուս կողմից թիմը չեմպիոնական մրցավազքի մեջ էր, իսկ միավորների տարբերությունը առաջատարների միջև չնչին է, և իրավիճակը կարող է փոխվել տուրից տուր:

Նման իրավիճակում կամ պետք է փոխարինել գնացած մարզչին նկատելիորեն ավելի ուժեղ մասնագետով, կամ էլ մինչև մրցաշրջանի վերջը վստահել տեղացի մասնագետի, իսկ հետո փնտրել որակյալ արտասահմանցի մարզչի, որի առջև դնել կոնկրետ նպատակներ: Իսկ ինչ նպատակ է հետապնդում Բայդաչնու նշանակումը, դժվար է ասել: Ռուս մասնագետն արդեն 68 տարեկան է, վերջին անգամ թիմ էր մարզել 2012թ․-ին, նրա գլխավորած թիմերը երբեք լուրջ արդյունքներ չեն գրանցել, հիմնականում աշխատել է ռուսական միջին կարգի ակումբներում։

Ստացվեց այնպես, որ Բայդաչնու գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» իր առաջին երկու հանդիպումներն անցկացրեց Չարենցավանի «Վանի» դեմ, մեկը՝ գավաթի խաղարկությունում։ Ավելին, այս թիմերն իրար են հանդիպում արդեն 4 անգամ անընդմեջ՝ մարտի 12-ին և ապրիլի 8-ին գավաթի խաղարկությունում, մարտի 18-ին և ապրիլի 8-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում։

Առաջին երկու դեպքերում «Արարատ-Արմենիայի» ղեկին Արմեն Ադամյանն էր, հաջորդ երկու խաղերում արդեն Բայդաչնին։ Ու եթե Ադամյանի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը երկու խաղերում էլ հաղթանակ տարավ՝ 1-0 և 3-0 հաշիվներով, ապա Բայդաչնու գլխավորությամբ երկու խաղում էլ պարտություն կրեց՝ 0-1, 2-3: Ճիշտ է, գավաթի խաղարկությունում թիմն անցավ կիսաեզրափակիչ՝ հետխաղայա 11 մետրանոցներում տարած հաղթանակի շնորհիվ, բայց խաղի հիմնական ժամանակը «Վանի» օգտին էր։

Anatoly Baidachniy

Իհարկե, երկու պարտությունից հեռու գնացող հետևություններ անել չի կարելի։ Բայց Բայդաչնու հետխաղային հարցազրույցը ավելի շատ մտահոգությունների տեղիք տվեց․ մեղադրեց թիմի ֆուտբոլիստներին, ընդ որում, որոշ դեպքերում՝ նշելով կոնկրետ անուններ։ Ասաց, որ չգիտի ֆուտբոլիստների իրական հնարավորությունները, չգիտի՝ ինչու թիմը արագ չի խաղում, թերմարզված են, թե հակառակը։

Որքան ժամանակ կպահանջվի Բայդաչնուց այդ ամենը հասկանալ ու լուծել խնդիրները, դժվար է ասել։ Առաջնության ավարտին դեռ 6 տուր կա, այդ 6 խաղերից 4-ը՝ չեմպիոնության համար` «Ուրարտուի», «Նոայի», «Արարատի» և «Ալաշկերտի» հետ, երկրորդ շրջանում էականորեն ավելացրած «Փյունիկի» հետ նույնպես հեշտ հանդիպում չի ստացվի։ Ռուս մասնագետը պետք է փորձի հնարավորինս արագ կարգավորել խնդիրները, քանի որ, հակառակ, դեպքում, ակումբի ղեկավարությունը կարող է երկար չսպասել։

 

©2021 Armenian Soccer