Armenian Soccer
Armenian Soccer

Մարտունակ առաջին խումբ. «Շիրակն» ու «Գանձասարը» առաջնությունում են

Օրեր առաջ կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշվեց թույլլ Գյումրիի «Շիրակին»՝ մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը, թեև «Շիրակը» նախ նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես չգալու որոշման մասին, ինչպես նաև՝ ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել առաջնության մասնակցության հավաստագիրը:

Իսկ արդեն այսօր հայտնի դարձավ, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության մեկ այլ մասնակից՝ «Գանձասարը» ՀՖՖ է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021/22 մրցաշրջան) մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:

Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:

Այսպիսով,  «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միմիայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի «Քաղաքային» մարզադաշտում:

Բացի այդ, պայմանավորված «Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն:

 

©2021 Armenian Soccer