Armenian Soccer
Armenian Soccer

Մարզիչները՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» դիմակայությունից հետո

UEFA-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» դիմակայության պատասխան հանդիպումը Երևանում ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչի արդյունքում Գլազգոյում տոնած հաղթանակի շնորհիվ շոտլանդացիներն անցան առաջ, իսկ մեր չեմպիոնն առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Հանդիպումից հետո 2 թիմերի մարզիչները հանդիպեցին լրագրողներին ու պատասխանեցին վերջիններիս հարցերին

Alexander Grigoryan

Ալեքսանդր Գրիգորյան

Աննախադեպ

Դուք իմ որևէ հարցազրույցում ու ասուլիսում լսե՞լ եք, որ ասեմ, թե շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստներին: Այժմ առաջին անգամ ասում եմ. այսօրվա խաղի համար շնորհակալություն եմ հայտնում տղաներին: Ես հպարտանում եմ իրենցով։ Հերոսություն է խաղալ «Ռեյնջերսի» պես հզոր թիմի դեմ, մեկ խաղակեսն անցկացնել 10 հոգով, հարձակվել ու ոչ-ոքի ավարտել խաղը։

 

Հայկական ակումբային ֆուտբոլը՝ վերելքի ճանապարհի՞ն

Հայաստանում տեղի ունեցած պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, որոնք իրենց կյանքը տվեցին մեզ համար, սա համախմբում է նաև ֆուտբոլիստներին, որոնք թեկուզ խաղադաշտում փորձում են հաղթանակներ բերել երկրին։

 

Համալրումների մասին

Խմբային փուլում հաջող հանդես գալու, երկու ճակատով խաղալու համար մեզ պետք են լավ համալրումներ. այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ։

 

Ակումբում աշխատանքը շարունակելու մասին

Պլանավորում եմ երկար մնալ Հայաստանի առաջնությունում: Բայց եթե անգամ Խոսեպ Գվարդիոլան գլխավորի «Ալաշկերտը», Բագրատ Սուրենովիչի հետ չի կարողանա ծրագրել մեկ շաբաթից ավելի։ Իսկ ես չեմ կարող Բագրատ Սուրենովիչի հետ մեկ օրվանից ավելի ծրագրեր կազմել։

 

Gary McAllister

Գարի ՄքԷլիսթեր

Դիմակայության մասին

Շատ դժվար դիմակայություն ստացվեց մեզ համար։ Բարձր կարծիք ունենք «Ալաշկերտի» մասին. թիմը երկու խաղում էլ դժվարություններ ստեղծեց մեզ համար։ «Ռեյնջերսը» մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի կարողանա հաղթել այս դիմակայությունում։

 

«Ալաշկերտի» մասին

«Ալաշկերտը» խմբային փուլում կարող է մրցունակ լինել, եթե այս դիմակայության նման խաղ ցուցադրի ու այսքան նվիրվածություն՝ ակումբին ու երկրին։

 

Կադրային խնդիրների մասին

Մեր բացակա ֆուտբոլիստների մեծ մասը չէր ժամանել Երևան COVID-ի պատճառով, ոմանք էլ թեթև վնասվածքներ ունեին:

 

©2021 Armenian Soccer