Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահը՝ առաջնությունից դուրս եկած թիմերի մասին

Melikbekyan

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել է առաջնությունը լքած ակումբների ու նրանց հայտարարությունների մասին՝ անդրադառնալով դրանց հիմք հանդիսացած խնդիրներին:

«Ես կուզեի այս հարցին գլոբալ անդրադառնալ ու խոսել լայն համատեքստով։

«Հայասայից» մենք պաշտոնական գրություն չենք ստացել, կա միայն ֆեյսբուքյան էջի հայտարարություն, և հուսով ենք, որ «Հայասան» կխաղա:

Դա մեզ համար շատ կարևոր է։ Իրենց հայտարարությունում կային էպիզոդներ, որոնք չէին համապատասխայում իրականությանը։

Սա մի կողմ։ «Հայասայի» հետ ես խնդիրներ չեմ տեսնում, կխոսենք՝ կհասկանանք, իսկ մնացածի մասին խոսենք լայն համատեքստում, մանավանդ որ մարզային ակումբներ են փակվում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում:

Դիտարկենք այն 3 ակումբները, որոնք դուրս են եկել առաջնությունից:

Անցած տարի դա եղել է «Գանձասար-Կապան» երևանյան թիմը, հետո եղել է «Լոռին» ու եղել է «Սևանը», որը մարզային թիմ չէ։ Այս թիմերից միայն «Լոռին» է եղել մարզային թիմ: Շատ պարադոսքալ երևույթ կա այստեղ: ՀՖՖ-ն չի փորձում ամեն ինչ նախապես ասել դեպքերից հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը։

 

Անցած տարի՝ պատերազմի ժամանակ, «Գանձասարի» մասնակցությամբ միջադեպից հետո, ակումբը հայտարարեց, որ փակում են թիմն ու այդ գումարը տալիս բանակին։ Պատերազմն ավարտվեց մի քանի օր անց: Իմ տեղեկություններով մինչև հունվար ակումբի անձնակազմը ստացավ աշխատավարձերը, թիմը փակվեց, մենք չիմացանք ու չենք էլ կարող իմանալ՝ այդ գումարները փոխանցվեցի՞ն բանակին, թե՞ ոչ:

Բայց փաստ է, որ պատճառաբանվեց մի բան, որը մի քանի օր հետո արդեն ռելևանտ չէր:

Իսկ իրականում պատճառն այն էր, որ հարվածել էին խաղի գլխավոր մրցավարին ու ակումբին սպասվում էր երկարատև որակազրկում: Այդ պրոցեսները մեզ մոտ միանգամից չի արվում, կարգապահական կոմիտեն երկար աշխատանք է տանում, ստացվեց այնպես, որ մենք չխոսեցինք ու «Գանձասարը» դուրս եկավ։ Պրադոքսալ ձևով՝ գուցե պատահականություն է, չնայած չեմ կարծում, բայց այդպիսի բաները միշտ լինում է հավաքականի խաղերից առաջ։

Մարտին՝ էլի հավաքականի խաղերից առաջ, նույնը եղավ նաև «Լոռի» ակումբի հետ: Մենք հետագայում FIFA-ից նամակներ ստացանք, մոտավորապես 450 հազար եվրոյի չափով ֆուտբոլիստներին պարտք կա, ու իմ կարծիքով ակումբի փակվելու ռեալ պատճառը դա էր։

Նույնը շարունակվեց «Սևան» ակումբի պարագայում՝ կրկին հավաքականի խաղերից առաջ: Հայտարարություն եղավ հավաքականի խաղերից առաջ: Այս իրավիճակի շիկացումը կատարվում է հավաքականի խաղերից առաջ ու տպավորություն է, որ հավաքականը պատկանում է ֆեդերացիային, ոչ թե բոլորիս։ «Սևան» ակումբի հայտարարությունը մեծ մանիպուլյացիա էր, քանի որ մինչև դա՝ «Նոա-«Սևան» խաղից հետո, «Սևանի» ղեկավարները ծեծի են ենթարկել մրցավարին ու բոլոր ապացույցները կան: Նրանք գիտեին, որ մեծ որակազրկումներ է ապասվում։ «Սևանը» նախահարձակ եղավ, հայտարարեց միջադեպի մասին, բայց չխոսեց բուն եղելության մասին։ Այս արատավոր երևույթները պետք է ավարտին հասցվեն:

Մենք գնալու ենք ցիվիլ աշխատանքի ճանապարհով։ Եթե մարդիկ ծեծի են ենթարկում մրցավարին, դա անթույլատրելի է, և ամենահեշտը այն է, որ դա պատճառաբանեն որպես տարաձայնություն ՀՖՖ-ի հետ: Բոլորը մանիպուլյացիաներ են ու ամպագոռգոռ հայտարարություններ՝ ուրիշ ոչինչ չկա»,-եզրափակեց Մելիքբեկյանը։

 

©2021 Armenian Soccer