«Ուրարտու» մարզադաշտում կայացած «Ուրարտու»-ԲԿՄԱ հանդիպումով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը:
Ռոբերտ Արզումանյանի սաները հանդիպման տեմպն ու ուժերի դասավորվածությունը թելադրեցին մրցավարի մեկնարկային սուլիչին զուգահեռ. արդեն 1-ին րոպեին աչքի ընկավ Իվու Ուգոչուկվուն՝ 1:0 Հետաքրքիր է, որ չնայած մեկնարկային սառը ցնցուղին՝ ԲԿՄԱ-ն հաջորդ գոլն ընդունեց միայն 2-րդ խաղակեսում: Ջոնել Դեսիրեն 52, 58 ր 69-րդ րոպեներին կատարած իր հարվածներով հեթ-թրիկի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջակետը խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին դրեց Գոռ Լուլուկյանը՝ 5:0:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուի» ակտիվում 18 միավոր է: ԲԿՄԱ-ն 6 միավոր ունի:
Հիշեցնենք, որ այսօր ըստ խաղացանկի պիտի կայանար նաև «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը, սակայն «Սևանը» չի ներկայացել մրցավայր: Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ պատճառների մասին պարզաբանում կտրվի սահմանին իրավիճակի խաղաղվելուց հետո:
Վաղը՝ նոյեմբերի 18-ին, 14—րդ տուրը կշարունակվի «Նորավանք»-«Արարատ» խաղով:
©2021 Armenian Soccer