Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ի 1-ին գոլն ու «Նորավանքի» 1-ին հաղթանակը

Նախօրեին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի 1-ին խաղային օրվա 2 հանդիպում:

«Նորավանքը» Չարենցավանում ընդունեց Երևանի «Փյունիկին»: Դրամատիկ ընթացք ունեցող հանդիպումը ոչ պակաս դրամատիկ ելք ունեցավ:

Նախ, խաղի 28-րդ րոպեին՝ Բենյամին Նանա Տեչիեի խփած գնդակից րոպեներ անց, անհաջող բախման արդյունքում անշարժ վիճակում խոտածածկին հայտնվեց տանտերերի 29-ամյա պաշտպան Իգոր Զոնյիչը: Բավական երկար տևեց, մինչ բժիշկները պատգարակով դուրս բերեցին ֆուտբոլիստին խաղադաշտից ու տեղափոխեցին բուժկենտրոն: Հանդիպման մրցավար Աշոտ Ղալթախչյանն էլ դեռ մի քանի րոպե հանդիպումը չշարունակեց, մինչ մարզադաշտ ժամանեց հանդիպման անցկացման պարտադիր ատրիբուտ՝ շտապ օգնության մեքենան: Արդյունքում, 1-ին խաղակեսին ավելացվեց 10 րոպե: ԱՎելացված ժամանակի 8-րդ րոպեին էլ հյուրերը հավասարեցրին հաշիվը Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո՝ 1:1:

 

2-րդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ: Սակայն հիմնական 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չգրանցվեց: Փոխարենը՝ հանդիպման մարող վայրկյաններին Սիմոն Օբոնդեի հարվածից հետո գնդակը դիպավ «Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանին ու մտավ դարպասը՝ 2:1: Առաջնության նորեկ «Նորավանքը» տոնեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր 1-ին հաղթանակը:


Տուրի մյուս խաղում հանդիպեցին «Արարատ-Արմենիան» ու ԲԿՄԱ-ն: Այստեղ 1-ին խաղակեսից հետո Մաիլսոնին դուբլի ու Արտյոմ Ավանեսյանի խփած գոլից հետո 3:0 հաշվով առավելություն ունեին տանտերերը: Թվում էր՝ առաջնության նորեկն այլևս հակադրելու ոչինչ չի ունենա, սակայն Ռաֆայել Նազարյանի սաները 2-րդ խաղակեսի հենց սկզբում՝ 54-րդ րոպեին, Գրենիկ Պետրոսյանի հարվածի շնորհիվ խփեցին իրենց առաջին գոլը ՀՊԼ-ում, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Միքայել Միրզոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Ցավոք, ավելին անելու համար ժամանակը չբավարարեց՝ 3:2:

VBET Armenian Premier league

©2021 Armenian Soccer