Այսօր երեկոյան կայացան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի 2 հանդիպում:
Երևանի «Նաիրի» մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» իր 3-րդ հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում (եվրագավաթային օրացույցի պատճառով Ալեքսանդր Գրիգորյանի սաները բաց են թողել 2-րդ տուրում «Նոայի» և 4-րդ տուրում «Ուրարտուի» հետ հանդիպումները): Ու թեև այս խաղում էլ Հայաստանի չեմպիոնը հաղթանակի չհասավ՝ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, սակայն թիմը նվաճեց ընթացիկ առաջնությունում իր 1-ին միավորը:
Ի տարբերություն «Ալաշկերտի»՝ ԲԿՄԱ-ն այդպես էլ միավոր չվաստակեց: Օրվա երկրորդ խաղում՝ Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեցին ԲԿՄԱ-ն ու «Ուրարտուն»: Առաջին խաղակեսից հետո թվում էր, թե 4 պարտությունից հետո վերջապես բանակայինները հաջողության կհասնեն. խաղակեսի վերջին րոպեին Գրենիկ Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ Ռաֆայել Նազարյանի սաները առջևում էին: Սակայն 2-րդ խաղակեսում Նարեկ Գրիգորյանի ու Կարեն Մելքոնյանի խփած գնդակների շնորհիվ «Ուրարտուն» կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:
Տուրի մյուս հանդիպումները կկայանա օգոստոսի 24-ին ու 25-ին: Նշենք, որ սա վերջին տուրն է միջզգային դադարից առաջ: