ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզոնի 2րդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ՝ հոկտեմբերի 10-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Հենրիխ, ի՞նչ տպավորություն է թողել Ձեզ վրա արդեն երկրորդ անգամ ազգային հավաքական հրավիրված Վահան Բիչախչյանը։
-Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում և կարող եմ ասել, որ շատ լավ տպավորություն է թողել։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է, հույս ունեմ, որ իր վրա շատ կաշխատի և կկարողանա բարձր մակարդակով հանդես գալ։ Երևում է, որ շատ բանի է ունակ, ու նաև սովորելու ցանկություն ունի։ Մի քանի անգամ խոսել եմ նրա հետ ու ասել նրան, որ կանգ չառնի այնտեղ, որտեղ հասել է։
-Ըստ Ձեզ՝ ինչու՞ վերջին տարիներին հավաքականին միացող երիտասարդ ֆուտբոլիստներից գրեթե ոչ ոքի չի հաջողվում ամրապնդվել ազգային թիմում։
-Բարդ հարց է, ես դրա պատասխանը չեմ կարող տալ։ Ավելի ճիշտ է՝ նրանք խոսեն այն մասին։ Մենք փորձում ենք օգնել ցանկացած երիտասարդ ֆուտբոլիստի, ով միանում է մեզ, քանի որ ազգային հավաքականը մի ընտանիք է։
-Հավաքականում Ձեր անցկացրած վերջին խաղի համեմատ տասը նոր ֆուտբոլիստներ կան ընտրանու կազմում։ Ըստ Ձեզ՝ դա այն թարմացո՞ւմն էր, որը անհրաժեշտ էր ազգային թիմին։
-Կարծում եմ՝ մարզիչն ավելի լավ գիտի այդ հարցի պատասխանը։ Մարզիչն է հետևել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են այս պահին օգնել ազգային հավաքականին։ Կարծում եմ, որ բոլոր ներկաները փորձելու են իրենց ներդրումն ունենալ մոտակա երկու խաղերի ժամանակ։ Բոլորս էլ գիտակցում ենք այս երկու խաղերի կարևորությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք հաղթել։
-Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այս մի քանի օրերի ընթացքում՝ ինչ մարզվում եք Խոակին Կապառոսի գլխավորությամբ։
-Շատ բան եմ հասցրել սովորել պարոն Կապառոսից։ Շատ լավ մասնագետ է, և դա արդեն ապացուցված է։ Շատ հաճելի մարզումներ ենք անցկացնում, շատ եմ սովորում և շատ բան ունեմ սովորելու նրանից։ Կարծում եմ՝ նրա գլխավորությամբ մեր ազգային ընտրանին շատ կկատարելագործվի և մեկ քայլ առաջ կկատարի։
-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր առաջիկա մրցակցին՝ Վրաստանի ազգային հավաքականին։
-Վերլուծել ենք նրանց խաղը, շատ լավ ծանոթ ենք նրանց։ Վերջին մի քանի խաղը նրանք շատ լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել, խաղալ մեր խաղը և հաջողության հասնել։
©2020 Armenian Soccer