Հայաստանի առաջին խմբի առաջնությունը վաղաժամ դադարեցվեց, ԱԽ 4 և ԲԽ 1 ակումբ, ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին, նրանցից 45-ը՝ ցմահ, միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները ինչ-որ պահից սկսած դադարեցին խաղադրույքներ ընդունել այդ առաջին խմբի առաջնության խաղերի վրա…Իսկ ամեն ինչ այնքա՜ն «գունավոր» էր սկսվում:
Երբ 2019թ-ի ամռանը հայտնի դարձավ, որ Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն 18 թիմեր, ֆուտբոլի երկրպագուները 2 ճամբարի բաժանվեցին:
Առավել լավատեսների աչքի առաջով արդեն անցնում էր ռեինկարնացված հայկական ֆուտբոլը, երիտասարդական հավաքականների մարտունակ խաղն ու միջազգային մրցաշարերում հաղթանակները, իսկ փորձառու իրատեսները ցավով ֆիքսում էին նորաստեղծ թիմերի թիկունքում կանգնած անձանց ու ասում. «կապրենք-կտեսնենք»:
Շատ ու երկար «ապրելու» կարիք, ի դեպ, որպես այդպիսին չեղավ: Առաջնության մեկնարկային տուրից ընդամենը մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Աչաջրի «Մակարավանքը» (հանուն արդարության ֆիքսենք՝ ամբողջությամբ համալրված «Ուրարտու-3»-ի ֆուտբոլիստներով) նամակ է հղել ՀՖՖ՝ հայտնելով, որ չի մասնակցելու թե՛ Առաջին խմբի առաջնությանն ու թե՛ գավաթի խաղարկությանը: Այնպես որ՝ «18-1» ֆորմատով սկսվեց առաջնությունը, որն ավարտվեց մասնակցների շուրջ 1/4-ի որակազրկմամբ:
Որակազրկված ակումբների ցանկը, որքան էլ տարօրինակ թվա, գլխավորում է Երևանի «Լոկոմոտիվը», որն ամենից բացի գլխավորում էր նաև առաջնության մրցաշարային աղյուսակն ու ուներ ԲԽ առաջնության մասնակցության արտոնագիր: Հետաքրքիր է, որ ակումբի հիմնադիր նախագահը «Էլիտ Սպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչ Քանանյանն է՝ մի մարդ, ում անունն արդեն կես տարուց ավել շրջանառվում է ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի աղմկահարույց ձերբակալության և կաշառքի գործի շրջանակներում:
Ինչևէ, «Լոկոմոտիվի» պարագայում ՀՖՖ-ն մեծ ու տհաճ անակնկալ մատուցեց: ՀՖՖ կողմից որակազրկված 58 անձանցից 14-ը հենց «Լոկոմոտիվի» հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող մարդիկ էին, այդ թվում նաև Քանանյանը, ում ցմահ արգելվեց որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալել:
Բացի այդ, ՀՖՖ-ն որոշում կայացրեց 7 խաղում թիմին տեխնիկական պարտություն գրանցել, մրցակիցներին՝ հաղթանակ: Հետաքրքիր է, որ այդ խաղերից շատերում ըստ նույն օրվա որոշման՝ մրցակից թիմերին ևս գրանցվել է տեխնիկական պարտություն: Ու որքան էլ դա տարօրինակ թվա, սակայն ԱԽ այս առաջնության համար նման կարգը նորություն չէ:
Հենց մեկնարկային տուրում գրանցվեց նման աննախադեպ որոշում. խաղերից մեկում տեխնիկական պարտություն գրանցվեց փաստացի չկայացած հանդիպման 2 մասնակիցներին: Արդյունքում, թե՛ «Մասիսն» ու թե՛ «Դիլիջանը» միևնույն 0:3 հաշվով պարտվեցին … միմյանց: Ի դեպ, ՀՖՖ-ի կողմից արդեն որակազրկված «Մասիսի» վերաբերյալ. ակումբը հիմնադրեց հայ ֆուտբոլային հանրությանը ոչ անհայտ Արթուր Ոսկանյանը, ով մեկ անգամ՝ 7 տարի առաջ, արդեն փորձ արել էր «ներխուժել» ԱԽ առաջնություն, սակայն, բախվելով այն օրերի ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի վճռական մոտեցմանը՝ ներկայացնել երաշխիքներ, ստիպված էր եղել հեռանալ Հայաստանից: 2019-ի ամռանը Ոսկանյանի «Ուրարտու»-երազանքը դարձավ «Մասիս», ու ներխուժեց հայկական ֆուտբոլային դաշտ: Սակայն արդեն հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով, իսկ նոյեմբերին ԱԱԾ-ն էլ հայտարարություն տարածեց այն մասին, որ «Մասիսի» ղեկավար կազմի ներկայացուցիչն, ում այս հոդվածի վերջում անպայման կանդրադառնանք, ու ֆուտբոլիստներից մեկը ներգրավված են պայմանավորված խաղերի կազմակերպման գործընթացքում: Ոսկանյանը հեռացավ, փոխվեց ակումբի սեփականատերը… Իսկ խնդիրները մնացին:
Ու դա ակնկալելի էր, քանի որ ֆուտբոլային աշխարհին բացարձակ անհայտ անձիք դե յուրե սեփականատեր գրանցվեցին, 1 տարվա ընթացքում ղեկավար կազմը քանիցս փոխվեց, իսկ թե ով է փաստացի գլխավորում ակումբը՝ միայն ենթադրությունների ոլորտում է: ԱԱԾ-ն էլ հունիսի 8-ին հերթական գրությունն ուղարկեց ՀՖՖ՝ հստակ անուններ ու մեղադրանքներ հնչեցնելով…
Որակազրկվածներից «Արագածի» հասցեին մրցաշրջանի ընթացքում իրավապահների կողմից մեղադրանքներ չհնչեցին, սակայն այստեղ էլ ամեն ինչ ավելի քան պարզ էր:
2019-ին ընդամենը մեկ ամիս պաշտոնավարելուց ու միայն մեկ ստուգողական հանդիպում անցկացնելուց հետո թիմից հեռացան մարզիչ Վարազդատ Ավետիսյանն ու ակումբի փոխնախագահ Ռաֆայել Նազարյանը: Լրատվականներից մեկի հետ զրույցում Ավետիսյանն ավելի ուշ կհայտարարի. «Ակումբի ղեկավարները հայտնեցին, որ «Արագածում» պետք է լինեն նաև արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք պետք է անպայման մասնակցեն հանդիպումներին։ Նրանց մասին ես տեղեկություններ չունեի և չէի ճանաչում, թե ովքեր են։ Ընդ որում, այդ խաղացողները հիմնականում պաշտպանական գծի ֆուտբոլիստներն էին։ Նրանց միջոցով պետք է արվեր սև գործը»…
«Արագածի» հովանավորը ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքում գրանցված մի ՍՊԸ էր: Հետաքրքիր է, որ որակազրկված ակումբներից ոչ մեկի դեպքում, բացառությամբ «Լոկոմոտիվի», հիմնական ներդրողը տեղացի չէր: «Տորպեդոյի» պարագայում, օրինակ, ներդրողը բելառուսական «Ինտերսպորտ» ընկերությունն է, որի մասին գրեթե ոչինչ հնարավոր չէ գտնել: Եվս մի զուգահեռ «Արագածի» հետ. Ինչպես Աշտարակում հանդես եկող ախուրյանական ակումբում, այնպես էլ բազմագրանցում «Տորպեդոյում» ի սկզբանե խոստումնալից համալրումներ եղան՝ գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի, թիմի ավագ Խորեն Վերանյանի տեսքով: Դարբինյանը, սակայն, ընդամենը մեկ ամիս անց հեռացավ թիմից: Ճիշտ է՝ Ավետիսյանի պես անկեղծանալու ցանկություն չունեցավ, սակայն քանիցս նշեց, որ իր նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն էր, ինչի հնարավորությունը այդ թիմի հետ նա չէր տեսնում:
Հայկական ֆուտբոլի զարգացմանը «լծվածներից» «Երևանը» որակազրկվածներից միակն էր, որ ճանապարհ էր անցել Առաջին խմբից Բարձրագույն խումբ, պայքարի հավակնոտ հայտ ներկայացրել ու… ու մարել: 15 խաղ, նույնքան պարտություն, ու ոչ մի զարմանալի բան: Այս թիմը միակն էր, որ ողջ միջմրցաշրջանային հատվածում չմարզվեց: Ավելին՝ թիմի կազմը անհայտ էր, մարզիչը՝ անորոշ, իսկ մեկնարկային տուրի համար թիմը մե՜ծ դժվարությամբ կարողացավ անհրաժեշտ քանակով ֆուտբոլիստներ հայտավորել: Այդքանից հետո պարտությունները, որպես այդպիսին, ակնկալելի էին, առաջնությունից դուրս գալը՝ նույնպես, սակայն «Երևանի» պարագայում ոչ այնքան պարտություններն էին առանցքային, որքան՝ դերակատարները: Կհարցնեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ ԱԽ-ից ԲԽ տեղափոխված թիմն այսպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց: Շատ «հայերեն»: Ակումբում տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն: Կարեն Հարությունյանը թիմը վաճառեց, ակումբի նոր սեփականատիրոջ մասին ինֆորմացիա չկար, սակայն ֆուտբոլային աշխարհում շշուկներ տարածվեցին, որ թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Կիրիլ Գրիգորովսը «սեփականատիրոջ մարդն է» Հայաստանում… Թե ով է Գրիգորովսը՝ հեշտ է պարզել: Բարեբախտաբար, համացանցի դարում ասեղը պարկում չես պահի: Իսկ ասեղի անունը Էրիկ Մաո էր՝ չինացի գործակալ, նախկին մարզական լրագրող, ով սերտորեն առնչվել է բոլոր այն թիմերի հետ, որոնցում հանդես է եկել Գրիգորովսը ու ում գործունեությունը կայանում էր նրանում, որ ձեռք էր բերում ֆինանսական խնդիրներ ունեցող թիմեր, այնուհետև դրանք «օգտագործում» պայմանավորված խաղերի իր սարդոստայնում: Հետաքրքիր մի դիտարկում. Գրիգորովսը, ում ՀՖՖ-ն ցմահ զրկեց ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից, նաև «Մասիս» ֆուտբոլային ակումբի փաստացի ղեկավարն ու ֆինանսական հոսքեր ապահովողն էր ու հենց նա էր այն մարդն, ում անունը ԱԱԾ-ն հրապարակեց՝ 2 գոլից ավել բաց թողնելու անհրաժեշտության վերաբերյալ կաշառքի գործով…
Ահա այսպիսին էր հայկական ֆուտբոլի մրցաշրջան 2019/20-ի արատավոր շրջանը՝ նույն դեմքերի տարբեր, բայց համանման դերակատարումներով:
Հայկական ֆուտբոլն իսկապես վերակենդանացման կարիք ունի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ թե քանակն է դա ապահովելու, այլ որակը: Ու, թերևս, սխալ չէր ՀՖՖ նախկին նախագահն, ով հստակ երաշխիքներ էր պահանջում սնկի պես բուսնող նորաստեղծ ակումբներից: Համենայն դեպս, Առաջին խմբի այդպես էլ չավարտված 28-րդ առաջնությունը ավելի շատ սպիեր ու չիրականացված սպասումների դառնահամություն է թողել, քան՝ հույսի շող:
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan