Armenian Soccer
Armenian Soccer

Հակոբ Չալիկյան. «Մենք միշտ պայքարելու ենք լավագույն հորիզոնականների համար»

Hakob Chalikyan

 

Օրերս Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարեց հերթական մարզչափոխության մասին: Թիմից հեռացավ Դավիդ Կապանյան, ով փոխարինել էր նախորդ մրցաշրջանի ավարտին թիմը լքած Վարդան Մինասյանին: Երևանյան ակումբն այժմ գլխավորում է Արմեն Ադամյանը, ում առաջնորդությամբ «Արարատ-Արմենիան» արդեն մի քանի հանդիպում անցկացրել է:

 

Մարզչական փոփոխությունների, հետաքրքիր տրանսֆերների, ինչպես նաև՝ առաջիկա անելիքների ու սպասելիքների մասին զրուցել ենք «Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանի հետ:

 

-Պրն. Չալիկյան, ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում է այժմ թիմի երկրպագուներին. Արդյո՞ք մինչ մրցաշրջանի ավարտը թիմը կրկին գլխավոր մարզչի փոփոխություն է ապրելու, քանի որ հայտարարությունում ասվեց, թե «ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ, ով տվյալ պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները» …

-Տվյալ պահին այդ հարցում որևէ կոնկրետություն չկա:

Ամեն դեպքում, նոր գլխավոր մարզչի անունը հայտնի դառնալուն պես մենք անպայման կտեղեկացնենք այդ մասին մեր երկրպագուներին ու հանրությանը։ Վերջին մեկ ու կես տարում սա ակումբի երկրորդ մարզչական փոփոխությունն է եղել, ինչը կարծում ենք, որ ֆուտբոլային չափանիշներով շատ մեծ քանակ է համարվում։

 

-Ի՞նչն էր Կամպանյայի հետ, ով մրցաշարի աշնանային հատվածի լավագույն մարզչի մրցանակին արժանացավ, պայմանագրի խզման պատճառը:

-Կամպանիայի հետ բաժանվելու պատճառը վերջին շրջանում թիմի գրանցած անբավարար արդյունքներն էին։

 

-Ձմեռային դադարի շրջանում թիմն իր հավաքն անցկացրեց ԱՄԷ-ում: Գո՞հ եք հավաքի արդյունքներից ու թիմի ներկա վիճակից:

-Իսկապես, թիմն Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացրեց, բայց այնքան էլ գոհ չէինք թիմի գրանցած արդյունքներից, ինչն էլ հենց մարզչական փոփոխության պատճառներից էր (մրցաշրջանի գարնանային հատվածում թիմը 1 հաղթանակ ու 2 պարտություն էր կրել, ինչպես նաև՝ ոչ մի հաղթանակ չէր գրանցել ԱՄԷ-ում անցկացված ուսումնամարզական հավաքի շրջանակում կայացած խաղերում — խմբ):

 

Hakob Chalikyan

Այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ ու նպատակներ ունի թիմը՝ հաշվի առնելով թե սեփական ու թե նաև մրցակիցների ֆունկցիոնալ վիճակը:

-Անկախ ամեն ինչից՝ մենք միշտ պայքարելու ենք լավագույն հորիզոնականների համար։

 

Այս ձմռանը հայկական ֆուտբոլում թերևս ամենաաղմկոտ տրանսֆերը իրականացրեցիք դուք՝ պայմանագիր կնքելով մեր հավաքականի առաջատարներից Ալեքսանդր Կարապետյանի հետ: Ինչպե՞ս է անցնում ինտեգրումը թիմին:

-Ալեքսանդր Կարապետյանը բարձրակարգ, շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Բացի այդ, նաև բավականին դրական անձնավորություն: Այնպես որ նրա ադապտացիան թե՛ երկրին, թե՛ առաջնությանը շատ արագ ընթացավ։

 

-«Արարատ-Արմենիայի» խաղին տոն են տալիս առավելապես արտասահմանցի ֆուտբոլիստները: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ակումբի առաջնային խնդիրն, ամեն դեպքում, արդյունքն է, ապա միայն՝ հայկական ֆուտբոլի զարգացումը: Ու որպես հարցի շարունակություն. առհասարակ ինչպե՞ս կձևակերպեք ակումբի դավանած փիլիսոփայությունը:

-Կարծում եմ՝ տրամաբանական կապ կա Ձեր նշած երկու հարցերի միջև, որովհետև տեղացի-լեգիոներների հրավիրելը դեռ չի նշանակում, թե ակումբը հայկական ֆուտբոլի համար օգտակար գործ չի անում: Ի վերջո, եվրոգավաթներում տարած հաջողությունները գրանցվում են Հայաստանի օգտին։ Իսկ երկրորդը՝ մենք բավականին երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնց մեծ մասը հիմա սկսել են խաղաժամանակ ստանալ գլխավոր թիմում, և ակումբն անընդհատ համալրվելու է երիտասարդ հայ ֆուտբոլիստներով, որոնք  տոն են տալու մեր խաղին։

Հետզհետե միտված ենք նրանց քանակն ավելացնել, բայց որակյալ լեգիոներները պարտադիր են, որպեսզի հայ երեխաները, նրանց կողքին լինելով, ամեն օր ինչ-որ նոր բան սովորեն թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ առօրյա կյանքում։ Կարծում եմ շատ օգտակար է լեգիոներների հետ նույն թիմում լինելը։

 

Hakob Chalikyan

-Պրն. Չալիկյան, մեր առաջնության մասնակիցները վերջերս պարբերաբար հայտնվում են ոչ այնքան ֆուտբոլային սկանդալների ու գզվռտոցների թիրախում: «Արարատ-Արմենիան» բացառություն չէր. հիշենք ընդամենը կես ամիս առաջ ակումբներից մեկի սեփականատիրոջ ֆեյսբուքյան մեկնաբանությունները՝ վերաբերող ձեր գլխավոր տնօրենին: Ինչո՞վ եք բացատրում նման երևույթները և արդյո՞ք մտադիր եք կոնկրետ այդ մեկնաբանությունների վերաբերյալ որևէ հարթակում որևէ լուծման գալ:

-Վերջին շրջանում Հայաստանում կարծես թե սովորություն է դարձել անպատասխանատու և վիրավորական հայտարարություններ անելը՝ չկրելով ոչ մի պատիժ։ Կարծում եմ, որ մեր պատասխանը լիովին բավարար է։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեր գլխավոր տնօրենը և «Փյունիկի» տնօրենը, որպես ֆուտբոլային գործիչներ, տարբեր քաշային կարգերում են գտնվում և կարծում ենք, որ տրամաբանական չէ այդ մարդու հետ խոսակցությունը շարունակելը։ Ինչպես տեսաք, նրա այդ հայտարարությունը ֆուտբոլային շրջանակներում ոչ մի աջակցություն չստացավ, որովհետև Պողոս Գալստյանը միշտ հայտնի է եղել որպես ազնիվ և պարտաճանաչ մարդ։

 

©2021 Armenian Soccer

Images: FC Ararat-Armenia / Hakob Chalikyan