Armenian Soccer
Armenian Soccer

՝ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. «Ֆուտբոլիստի համար շատ դժվար է նման պայմաններում մարզավիճակ պահպանելը»

Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ապրիլի 3-ին  ակումբի ինստագրամյան ալիքի ուղիղ եթերում պատասխանեց երկրպագուների հարցերին։ Ֆուտբոլիստը նաև պատմեց՝ ինչպես են ինքն ու թիմակիցներն այս օրերին մարզումներ անցկացնում և ինչ հետաքրքրություններ է գտել՝ ձանձրույթից խուսափելու համար։

ԿԱՐԱՆՏԻՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆուտբոլիստի համար շատ դժվար է նման պայմաններում մարզավիճակ պահպանելը, որովհետև շատ կարևոր է վազքը, իսկ տանը դա կազմակերպելն անհնար է, ուստի փորձում եմ հարմար ու սակավամարդ տեղ գտնել վազքի համար, նաև հաճախ հեծանիվ եմ քշում, փորձելով այդկերպ լրացնել բացը։ Բացի այդ, հետևում ենք այն ծրագրին ու ցուցումներին, որոնք ստանում ենք մարզիչների կողմից, ու հնարավորության սահմաններում կատարում դրանք»։
ԴԱԴԱՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բոլորիս համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Այս շրջանում յուրաքանչյուր ոլորտ որոշակի կորուստներ է կրում, ֆուտբոլն էլ բացառություն չէ։ Ֆուտբոլիստների մարզավիճակը վատթարանում է, ուստի ստիպված ենք լինելու ամեն ինչ նորից սկսել։ Հուսով ենք՝ այս ամենը շուտ կավարտվի ու բոլորս կվերադառնանք մեր սիրելի աշխատանքին։ Վիրուսը բավական արագ է տարածվում, ուստի, կարծում եմ, որ առաջնության վերսկսման հավանական ժամկետը կլինի մայիսի կեսը կամ վերջը»։
ՕՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Այս օրերին սկսել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր նախասիրություններին։ Եվ անհատական մարզումներից բացի, մեզ մնում է տարբեր հետաքրքրություններ գտնել՝ ձանձրույթից խուսափելու համար։ Խորհուրդ կտամ դիտել ֆիլմեր, հաղորդումներ, գրքեր կարդալ։ Այս պահին իսպանական “La Casa De Papel” («Թղթե տուն») սերիալն եմ դիտում, զուգահեռաբար նայում եմ «Breaking Bad» («Ամբողջ ծանրությամբ») -ը»։
ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
« «Ուրարտուի» կազմում անցկացրածս 100-րդ հանդիպմանը, ինչպես տեսաք, կարմիր քարտ ստացա ու բաց թողեցի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղը «Նոայի» հետ, որը շատ կարևոր էր մեզ համար։ Տանը զիջեցինք 0-1 հաշվով, բայց ոչինչ կորած չէ։ Ունենք բոլոր շանսերը՝ եզրափակիչ դուրս գալու համար։ Հուսով եմ պատասխան հանդիպմանը կխաղամ ու թիմի հետ կփորձենք ամեն ինչ անել՝ հաջողության հասնելու համար»։
2013/14 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շատ վառ հիշողություններ են մնացել այդ մրցաշրջանից։ Այդ տարի առաջին անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց հանդես գալ բարձրագույն խմբի առաջնությունում։ 18 տարեկան դեռ չկայի, բայց կարելի է ասել ամեն հանդիպմանը խաղաժամանակ ստանում էի՝ ամենաշատը՝ 5 կամ 10 րոպե։ Այդ տարի պատմության մեջ առաջին առաջին անգամ դարձանք Հայաստանի չեմպիոն։ Շատ ուրախ եմ, որ ես էլ եմ այդ չեմպիոնության մասնիկը կազմել»։
ԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲՆ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
«Փոքր տարիքում, երբ դեռ չէի զբաղվում ֆուտբոլով, երկրպագում էի Մադրիդի «Ռեալին», այսօր արդեն իմ սիրելի թիմն «Ուրարտուն» է, որտեղ ես հանդես եմ գալիս։ Ֆուտբոլն էլ սիրեցի Ռոնալդոյի շնորհիվ։ Առաջին խաղը, որ դիտել եմ, 2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչն էր, որտեղ բրազիլացին դուբլ ձևակերպեց։ Ավելի հասուն տարիքում ինձ սկսեց դուր գալ Զիդանի խաղը, երևի հենց այդ պատճառով եմ կրում 5 համարը»։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
«Բոլորին առողջություն եմ մաղթում, լավ եղեք, հետևեք ձեզ և ձեր հիգիենային։ Հուսով եմ՝ շատ շուտով նորից կհանդիպենք»։

©2020 Armenian Soccer