Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ, «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

2020 թվականն ամփոփել ենք «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ։ Խոսել ենք ակումբի ելույթներից, անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականում ունեցած հաղթական նորամուտից ու ապագա ծրագրերից․
ԿԱՐՈՏ ԷԻՆՔ ՄՆԱՑԵԼ ԽԱՂԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ
— Ինչպե՞ս կամփոփես 2020 թվականն «Ուրարտուի» համար
— Այս մրցաշրջանը բավական բարդ ստացվեց բոլորի համար, շատ հանդիպումներ հետաձգվեցին բոլորին արդեն հայտնի պատճառներով, իսկապես դժվար ժամանակներ էին ինչպես մեզ, այնպես էլ մեր պետության համար։ Ստաբիլության խնդիր կար, ինչն ազդեց նաև մեր թիմի ցուցադրած խաղի վրա։ Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակին, այստեղ պայքարը շատ մեծ է․ 6-7 թիմեր, այդ թվում և մենք, առաջատարի կարգավիճակ ունենք ու վաստակած միավորներով միմյանց գրեթե չենք զիջում։ Այո, այս պահին մենք 6-րդ հորիզոնականում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ամեն ինչ առջևում է․․․ Մեր նպատակներն առավելագույնն են։ Թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում մենք իրական հնարավորություններ ունենք հաջողություն գրանցելու համար։
Ո՞րն է տարբերությունը ակումբում խաղալու և ազգային հավաքականում խաղալու միջև։
— Անկախ նրանից, թե որտեղ ես հանդես գալիս, դու ցանկացած խաղին մոտենում ես առավելագույն նվիրվածությամբ, բայց երբ ներկայացնում ես ազգային հավաքականը ու խաղից առաջ լսում ես երկրիդ օրհներգը, ամբողջովին այլ էմոցիաներ ու զգացողություններ են պատում քեզ ու այլ բան պարզապես չի գալիս մտքիդ։ Ոչ մի ցավ այլևս չես զգում, ոչ մի մկան քեզ չի անհանգստացնում։ Մտքիդ մեկ բան է՝ առավելագույնն անել խաղադաշտում։ Շատ հաճելի էր, երբ շնորհավորում էին ոչ միայն նորամուտիս, այլև մեր հաղթանակի կապակցությամբ։ Երևի կյանքում առաջին անգամ էի նման էմոցիոնալ պահ ապրում»։
— Հավաքականում խաղալը քեզ նոր իմպուլս հաղորդե՞լ է։
— Հասա երազանքներիցս մեկին, բայց դրանով չեմ բավարարվելու, ձգտելու եմ ամրապնդել իմ տեղը հավաքականի կազմում, որպեսզի կարողանամ օգտակար լինել նաև այնտեղ, իսկ ակումբային մակարդակում ցանկանում եմ ու հույս ունեմ, որ լավ մրցաշրջան կանցկացնենք, հուսով ենք, որ եկող տարում կզգանք հաղթանակի բերկրանքը։ Ես ամեն խաղում առավելագույնն եմ ներդնելու, որպեսզի օգնեմ թիմիս իրականացնել առաջադրված խնդիրները։
— Ի՞նչ սպասել «Ուրարտուից» հաջորդ տարի։
— Յուրաքանչյուր խաղում սպասեք անմնացորդ նվիրում։ Ամեն խաղում մենք ամեն ինչ անելու ենք մեզ համար ցանկալի արդյունքին հասնելու համար։ Հուսով եմ, որ մենք մեր հաղթանակներով կուրախացնենք երկրպագուներին։

©2021 Armenian Soccer