Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանն առաջինն էր, որ անցկացվեց 2 շրջան + միմյանց զուգահեռ ընթացող մրցանակային և անցումային փուլ ձևաչափով: Աշխարհը պատուհասած COVID19-ի պատճառով առաջնությունը ձգձգվեց, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ 2020/21 մրցաշրջանի մեկնարկից միայն օրեր առաջ ենք կարողանում ամփոփել Armenian Soccer կայքի սահմանած՝ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 3-րդ՝ մրցանակային ու անցումային շրջանի լավագույն գոլի ընտրությունը:
«Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 3-րդ՝ «եզրափակիչ» շրջանի լավագույն գոլ է ճանաչվել 25-րդ տուրում «Նոայի» ֆուտբոլիստ Կիրիլ Բոռի գոլը «Ալաշկերտը» դարպասին (68 միավոր):
2-րդ հորիզոնականը 64 միավորով զբաղեցնում է «Լոռիի» ֆուտբոլիստ Միհրան Մանասյանի գոլը նույն 25-րդ տուրում՝ «Արարատ-Արմենիայի» դարպասին: Երրորդը շիրակցի Մորի Կոնեի գնդակն է «Լոռիի» դարպասին՝ 21-րդ տուրում խփած: Իվուարցի հարձակվողը գոլի օգտին 49 միավոր է գրանցվել:
Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում եզրափակիչ փուլը կներկայացվի Կիրիլ Բոռի գնդակով: Նրա մրցակիցներն են 1-ին շրջանի հաղթող Դավիթ Մինասյանը՝ «Արարատ-Արմենիայի» դարպասին խփած գնդակով, ինչպես նաև Մորի Կոնեն՝ «Նոային» խփած գոլով:
Օրեր անց ձեզ կտեղեկացնենք եզրափակիչ քվեարկության մեկնարկի մասին, որն էլ կորոշի անցած մրցաշրջանի լավագույն գոլը:
Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով
©2020 Armenian Soccer (Edgar Petrosyan)
Photo: FC Noah